Մեկ ու կես տարում 9 մլրդ դրամ՝ «1000 դրամների» հիմնադրամին - RadioVan.fm

Онлайн

Մեկ ու կես տարում 9 մլրդ դրամ՝ «1000 դրամների» հիմնադրամին

2018-06-15 17:37 , Общество, 1933

Մեկ ու կես տարում 9 մլրդ դրամ՝  «1000 դրամների» հիմնադրամին

ՊՆ վարչական համալիրում կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, այն ղեկավարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախօրեին կայացած նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն մարտից առ այսօր իրականացված հատուցումների և նվիրաբերությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 11 դեպքերի հատուցում, որոնցից 9-ը զոհված, իսկ 2-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ այս պահի դրությամբ հավաքագրված գումարն արդեն հատել է 9 մլրդ, իսկ կատարված ընդհանուր հատուցումները՝ 523 մլն դրամը:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է նոր ծրագիր: Այն ենթադրում է, որ եթե զինծառայողը հայրենիքի պաշտպանության ժամանակ ստացել է հաշմանդամություն, ապա նախքան իրավական ընթացակարգով հաշմանդամության կարգը որոշելը և հատուցում տրամադրելը, հաշմանդամություն ձեռքբերած զինծառայողը յուրաքանչյուր ամիս կստանա 100.000 դրամ՝ որոշակի ծախսեր հոգալու համար:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Հիմնադրամը հատուցումներ է տրամադրում 2017թ.-ի հունվարի 1-ից։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть