Գիշերը երգողները, նվագողները, հրավառություններ անողները կտուգանվեն․ ոստիկանությունը զգուշացնում է - RadioVan.fm

Онлайн

Գիշերը երգողները, նվագողները, հրավառություններ անողները կտուգանվեն․ ոստիկանությունը զգուշացնում է

2018-06-08 18:10 , Общество, 2110

Գիշերը երգողները, նվագողները, հրավառություններ անողները կտուգանվեն․ ոստիկանությունը զգուշացնում է

«Լռությունը խախտելը, այսինքն` գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ը) բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը` առաջացնում են նախազգուշացում, իսկ կրկին կատարելու դեպքում՝ տուգանքի նշանակում:

Բացի այդ, վերջին տարիներին լայն տարածում են ստացել տոնական հրավառությունները: Պետք է հիշել, որ անզգուշությունն ու անփութությունը կարող են դժբախտ դեպքերի պատճառ դառնալ, իսկ գիշերային ժամերին հրավառություն կազմակերպելը խաթարում է քաղաքացիների անդորրը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գիշերային ժամերին՝ 23:00-ից մինչև 7:00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք՝ 100.000 դրամի չափով»,-ՀՀ քաղաքացիներին հիշեցնում են ոստիկանությունից՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրիս պարտականությունն է պահպանել համակեցության կանոնները, հարգել մեր համաքաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը, չսահմանափակել նրանց ազատությունները: Հասարակական հարաբերությունները կարգավորվում են ոչ միայն իրավական, այլև բարոյական բազմաթիվ նորմերով, որոնք իրենց ամբողջության մեջ կազմում են հասարակական կարգ:

Ոստիկանությունից նշում են, որ վարչական իրավախախտում հանդիսացող լռության խախտումները խաթարում են մեր քաղաքացիների հանգստի իրավունքը, և հասարակության անդորրը, «մինչդեռ շրջապատում կան հիվանդներ տարեց անձինք և անչափահասներ կամ բժշկական հաստատություններ, որոնց բնականոն գործունեության համար գիշերային ժամերին լռությունը պահպանելը անհրաժեշտություն է»:

Ի գիտություն քաղաքացիների՝ «Գիշերային ժամի» համար բացառություն է սահմանված միայն Ամանորի կապակցությամբ, քանի որ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23:00-ից մինչև հունվարի 1-ի ժամը 01:00-ը:

«Գիշերային ժամերին գործող ժամանցի և զվարճանքի վայրերը՝ ռեստորաններ, դիսկոտեկներ, սրճարաններ և այլն, պարտավոր են հարգել այդ սահմանափակման պահանջը և չխանգարել մարդկանց գիշերային հանգիստը։

Իրավախախտումներին ամենայն խստությամբ հակազդելով հանդերձ՝ ոստիկանության նպատակը ոչ թե քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելը կամ տոնակատարություններին խոչընդոտելն է, այլ հանրության իրավագիտակցության բարձրացումը․ չէ՞ որ գիշերային ժամերին լռությունը խախտողը, հրավառությունների պատվիրատուն ու կազմակերպիչը մենք ենք, հետևաբար հենց մենք ենք պատասխանատու և՛ մեր, և՛ համաքաղաքացիների անդորրի և անվտանգության համար»,-ընդգծում են ՀՀ ոստիկանությունից։

Նշենք, որ անթույլատրելի ժամերին հրավառությունների խնդրին այսօր անդրադարձ է եղել կառավարության նիստում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է բացառվեն նման դեպքերը՝ իրավապահներին հանձնարարելով՝ լուծել այդ հարցերը, այլապես՝ ինքը կլուծի։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть