ՊԵԿ պաշտոնյաների հովանավորչությամբ 7 մլն ԱՄՆ դոլար պետբյուջե չվճարած ընկերության տնօրենը վերադարձնում է գումարները - RadioVan.fm

Онлайн

ՊԵԿ պաշտոնյաների հովանավորչությամբ 7 մլն ԱՄՆ դոլար պետբյուջե չվճարած ընկերության տնօրենը վերադարձնում է գումարները

2018-06-06 19:54 , Право, 2117

ՊԵԿ պաշտոնյաների հովանավորչությամբ 7 մլն ԱՄՆ դոլար պետբյուջե չվճարած ընկերության տնօրենը վերադարձնում է գումարները

«Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը հայտարարություն է տարածել, որում նշում է.

«Ես՝ Արմեն Ունանյանս, հանդիսանալով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն, իմ և մյուսների նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ հայտարարում եմ, որ ընդունում եմ մեր գործունեության ընթացքում հարկային օրենսդրության խախտումների փաստը, ուստի իմ նախաձեռնությամբ 2018 թվականի հունիսի 4-ին արդեն իսկ կատարել եմ 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վճարում, և 7-10 օրվա ընթացքում պատրաստվում եմ կրկին կատարել 1.5 միլիոն դոլարի վճարում։

Քրեական գործով հաշվարկված վնասը ըստ նախնական հաշվարկի կազմել շուրջ 7 միլիոն ԱՄՆ դոլար։

Քրեական գործի շրջանակներում նշանակված հարկային ստուգման արդյունքում հաշվարկված վնասն ամբողջությամբ՝ ներառյալ վճարված հարկերի գումարը, իմ կողմից վճարվելու է հարկային ստուգման ընթացքում։

Ցանկանում եմ նաև նշել, որ ընկերության զուտ շահույթն ի սկզբանե նպատակ եմ ունեցել հանձնել պետությանը, ինչն էլ իրականացնելու եմ համապատասխան հարկային ստուգումից հետո։

Ներկայումս՝ իմ և իմ աշխատակիցների նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։

Իմ գնահատմամբ ՀՀ ԱԱԾ-ի գործողությունների արդյունքում պահպանվել են իմ և իմ աշխատակիցների իրավունքները»։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն մայիսի 25-ին, հանդես եկավ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների անմիջական հովանավորչությամբ կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցավոր սխեմա բացահայտելու վերաբերյալ հայտարարությամբ։

Մանասնավորապես տեղեկացվեց, որ «փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող քաղաքացիներին պատկանող բեռների տեղափոխման և մաքսազերծման բիզնեսը թվով 9 այսպես կոչված «կարգո» ընկերություններից վերցնելու և մեկ` մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունում այն կենտրոնացնելու նպատակով Միացյալ Թագավորությունում` Շոտլանդիայում (նախնական տվյալներով` օֆշորային գոտում),գրանցված «Նորֆոլկ Փրոջեկտ ԼՓ» ՍՊ ընկերության կողմից 2017 թվականի հունիս ամսին ՀՀ-ում հիմնադրվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը, որի գլխավոր տնօրեն է նշանակվել ՀՀ քաղաքացի Արմեն Ունանյանը: Այնուհետև,ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենին ներկայացնելով նշված «կարգո» ընկերությունների ղեկավարներին, հայտնել են, որ Թուրքիայից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից բեռնատարներով տեղափոխվող հավաքական բեռներն այսուհետ պետք է մաքսազերծվեն բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության միջոցով, բացի այդ, սահմանել են, որ ներկրված յուրաքանչյուր 1 կգ բեռի դիմաց նրանք այդ ընկերությանը պետք է վճարեն՝ Թուրքիայի դեպքում՝ 1.65 ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ, մաքսավճար, մաքսատուրք) և 0.70 ԱՄՆ դոլար (ծառայության դիմաց), Չինաստանի դեպքում՝ 2.55 ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ, մաքսավճար, մաքսատուրք) և 0.70 ԱՄՆ դոլար (ծառայության դիմաց) և ԱՄԷ-ի դեպքում՝ 2.55 ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ, մաքսավճար, մաքսատուրք) և 0.45 ԱՄՆ դոլար (ծառայության դիմաց) գումարներ։ Հատկանշական է, որ գործունեություն ծավալելու համար «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ աշխատասենյակներ են տրամադրվել ՊԵԿ ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսազերծման մասնագիտացած լուծարված մաքսատան շենքի տարածքում` ակնհայտորեն նպատակ հետապնդելով տնտեսվարողների մոտ այդկերպ ևս ընդգծել նշված ընկերության հատուկ արտոնյալ կարգավիճակը։ «Կարգո» ընկերությունները, ըստ էության չունենալով այլ տարբերակ, ընդունել են ֆինանսապես ոչ ձեռնտու համագործակցության առաջարկը ևտեղափոխվածբեռների մաքսազերծումը սկսել են իրականացնել բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության միջոցով՝ պահանջված գումարները վճարել են կանխիկ եղանակով` առանց պատշաճ ձևակերպումների։

«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության ներկայացուցիչները ներմուծված ապրանքները հաճախ ճիշտ տեսականիով և անունով չեն հայտարարագրել ու մաքսազերծել, որով իսկ նվազեցրել են պետությանը վճարման ենթակա գումարները, բացի այդ, անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծել այն քաղաքացիների համար, ովքեր նույնանուն ապրանքները ներմուծել են ոչ իրենց ընկերության միջոցով։

Մասնագիտական նախնական վերլուծության արդյունքում հաշվարկվել է, որ 2017 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջոցով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը կանխիկ ստացել է շուրջ 37.6 մլն ԱՄՆ դոլար, որից 26.4 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսազերծման համար, իսկ 11.2 մլն ԱՄՆ դոլարը` տնտեսվարող սուբյեկտներին մատուցված ծառայությունների դիմաց։ Վերը նշված գումարները հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ամբողջությամբ չարտացոլելու հետևանքով ընկերությունը պետբյուջե պակաս է վճարել ընդհանուր առմամբ շուրջ 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ավելի քան 3.3 մլրդ ՀՀ դրամ գումար: Այսինքն` գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրիանական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար: Պետությանը պատճառված վնասի իրական չափը հնարավոր կլինի ճշգրտել ընկերության գործունեության վերաբերյալ սահմանված կարգով նշանակված դատահաշվապահական փորձաքննության շրջանակներում»:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») հատկանիշներով։ Քրգործի շրջանակում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը և պատասխանատու ևս երեք աշխատակիցներ ձերբակալվել էին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть