Տաք սնունդ օրական 1 անգամ ուտում է դեռահասների 30.2%-ը. ուսումնասիրվել է մայրաքաղաքի 21 դպրոցի 10-14 տարեկանների վարքագիծը - RadioVan.fm

Онлайн

Տաք սնունդ օրական 1 անգամ ուտում է դեռահասների 30.2%-ը. ուսումնասիրվել է մայրաքաղաքի 21 դպրոցի 10-14 տարեկանների վարքագիծը

2018-06-05 19:56 , Общество, 1102

Տաք սնունդ օրական 1 անգամ ուտում է դեռահասների 30.2%-ը. ուսումնասիրվել է մայրաքաղաքի 21 դպրոցի 10-14 տարեկանների վարքագիծը

ՀՀ առողջապահության նախարարությունը 2017 թվականին Երևանի 21 դպրոցում դեռահասների շրջանում լայնածավալ հետազոտություն է իրականացրել: Արդյունքում՝ 10-14 տարեկանների վարքագծին ու նրանց առողջության վրա դրա ազդեցության մի շարք ուշագրավ և մտահոգիչ հանգամանքներ են բացահայտվել:

Առողջապահության նախարարության հետազոտության ու վերլուծության տվյալներով՝ դեռևս մտահոգիչ է առաջին անգամ ծխախոտ օգտագործող դեռահասների ցուցանիշը. 2015-ի համեմատ՝ ծխել փորձողների թիվն ավելացել է 4.2 անգամ, 2016-ի համեմատ՝ 1.6 անգամ: Սակայն իրազեկման լայնածավալ աշխատանքների արդյունքում՝ ծխելը շարունակել ցանկացող դեռահասների թիվն է նվազել՝ 1.1 անգամ: Հարցվողների շուրջ 82%-ը համաձայն է հասարակական վայրերում ծխախոտի արգելման օրենսդրական բարեփոխումներին:

Մտահոգիչ է նաև ալկոհոլի օգտագործման ցուցանիշը: 2015 թվականի համեմատ՝ ալկոհոլ օգտագործող դեռահասների տեսակարար կշիռն աճել է 2.1 անգամ: Ընդ որում, դրան զուգահեռ, ուսումնական գործընթացում ալկոհոլի օգտագործման վտանգների մասին գիտելիքների տրամադրումն է ավելացել:

Դիտարկման ընթացքում դեռահասներին ուղղվել են ամենատարբեր հարցեր՝ առօրյա սովորույթներից մինչև սննդակարգ ու դիրքորոշում: Որքան հաճախ եք լվանում ձեր ձեռքերը, օրական քանի անգամ եք տաք սնունդ ընդունում, սպորտով զվաղվում եք, թե ոչ. այս ու այսօրինակ տասնյակ հարցերի պատասխաններն են ամբողջացրել պատկերը:

Վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ ծխելն առողջության համար վտանգավոր գործոն է համարում հարցվողների 90%-ը, անկանոն սնվելը՝ 81.4%-ը, ցածր ֆիզիկական ակտիվությունը՝ 77.2%-ը, քիչ քնելը՝ 83.5%-ը:

Հետազոտությունը պարզել է, որ 2 տարվա կտրվածքով դեռահասները սկսել են փոքր-ինչ ավելի շատ օգտագործել բանջարեղեն ու միրգ, օրվա սննդակարգում տաք սնունդն է որոշակիորեն ավելացել: 1-1.5 անգամ էլ ավելացել է միս-մսամթերքի օգտագործումը:

Պարզվել է, որ տաք սնունդ օրական 1 անգամ ուտում է 30.2%-ը: 2015 թվականի համեմատ այս ցուցանիշը փոքր-ինչ ավելացել է՝1.1 անգամ, իսկ 2016 թվականի համեմատ՝ 1.2 անգամ: Միս, ձուկ և թռչնամիս ուտում են շաբաթական 3-4 անգամ 52%-ը. այս ցուցանիշով էլ է փոքր-ինչ դրական տեղաշարժ գրանցվել: Թարմ բանջարեղեն, մրգեր, հյութեր օգտագործում են օրական 1 անգամ 68.2%-ը. 2016-ի համեմատ ցուցանիշն աճել է 1.1 անգամ: Հարցվողների 76.2%-ը այս ուսումնական տարվա որևէ դասընթացի ընթացքում առողջ սննդի առավելություներիմասին գիտելիք է ստացել:

Հարցված 10-14 տարեկանների շրջանում նկատվել է նաև կանոնավոր ֆիզիկական ակտիվությամբ զբաղվողների թվի ավելացում. 2017-ին 2015-ի համեմատ՝ 1.1 անգամ: Բարելավվել է դպրոցում ձեռքերը լվանալու ցուցանիշը. 2015թ. համեմատ՝ 1.1 անգամ:

Պետք է նկատել, որ ցուցանիշերի փոփոխությունն ուղեկցվել է ուսումնական գործընթացում դրանց մասին գիտելիքների տրամադրման ավելացմամբ:

Հետազոտության արդյունքները վկայում են, որանհրաժեշտ է երեխաների շրջանում ավելացնել իրազեկվածությունն առողջ ապրելակերպի վերաբերյալ, ինչպես նաև նման դասընթաց ներդնել ավելի ցածր դասարաններում՝ դպրոցականների շրջանում վարքագծային գործոնների նվազեցման, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորման նպատակով:

Բացի այդ՝ առողջապահության նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից վերանայվել է «Առողջ ապրելակերպ» դասագիրքը (8-9-րդ և 10-11-րդ դասարանների համար), որտեղ ներառվել են վարքագծային ռիսկի գործոնները, առողջ սնուցման և առողջական խնդիրների կանխարգելման հիմնահարցերը: Ձեռնարկների լրամշակված տարբերակները ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով երաշխավորվել են գործածության հանրակրթական ուսումնական հաստատություններում:

Իսկ ՀՀ առողջապահության ու Կրթության և գիտության նախարարների հրամաններով հաստատվել է «Ուսուցիչների՝ առողջ ապրելակերպի խթանման հարցերով ուսուցման ծրագիրը և ծրագիր-ժամանակացույցը»: 2018թ. Արարատի մարզի ուսուցիչներն արդեն ուսուցանվել են ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների կանխարգելման հարցերով: Նախատեսվում է ուսուցում իրականացնել նաև Կոտայքի և Արմավիրի մարզի դպրոցի ուսուցիչների շրջանում:

Лента

Рекомендуем посмотреть