Առողջապահական համակարգում որոշ մարդիկ պաշտոնը սեփականություն են համարում. նախարարը՝ տնօրեններին ազատելու մասին - RadioVan.fm

Онлайн

Առողջապահական համակարգում որոշ մարդիկ պաշտոնը սեփականություն են համարում. նախարարը՝ տնօրեններին ազատելու մասին

2018-06-04 14:34 , Общество, 1323

Առողջապահական համակարգում որոշ մարդիկ պաշտոնը սեփականություն են համարում. նախարարը՝ տնօրեններին ազատելու մասին

«Համակարգում փաստացի կա, այսպես կոչված, «ինստիտուտ», երբ մարդիկ կարծում են, որ իրենց զբաղեցրած պաշտոնն իրենց սեփականությունն է: Երբ փորձում ես որևէ գործողություն կատարել, ասենք այդ մարդուն խնդրել տեղափոխվել այլ պաշտոնի, դա ընկալում են անձնական սեփականության նկատմամբ ոտնձգություն». գնահատականը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանինն է, ով այսօր ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է Առողջապահության ազգային ինստիտուտի և «Մարդասիրական օգնության հանրապետական օգնության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարներին աշխատանքից ազատելու հարցին:

Նշենք՝ «Մարդասիրական օգնության հանրապետական օգնության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեին ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Սևումյանը բաց նամակ է ուղղել ՀՀ վարչապետին՝ նշելով, որ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն առանց պատճառ ներկայացնելու, առանց տնօրենի հետ հանդիպելու, առանց իրեն ճանաչելու, առանց իր հետ խոսելու «ուզում է», որ ինքը աշխատանքից ազատվելու ինքնակամ դիմում գրի: «Ս.թ. մայիսի 31-ին ինձ իր մոտ հրավիրեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը և փոխանցեց, որ նախարարը «ուզում է», որ ես աշխատանքից ազատվելու ինքնակամ դիմում գրեմ: Բնական հարցիս, թե ինչն է այդ «ուզելու» պատճառը և ինչում եմ թերացել կամ ինչ սխալ գործել, աշխատակազմի ղեկավարը պատասխանեց, որ ոչ մի թերացում կամ խախտում իմ աշխատանքում չկա, և ինքը պարզապես փոխանցում է նախարարի խոսքերը»,-ասված է նամակում:

Նախարարն անդրադառնալով վերը նշված փաստին ընդգծում է՝ բաց նամակների ինստիտուտը լավ է, բայց միշտ չէ, որ դա ազնիվ մղումներից ելնելով է արվում:

«Միհրան Սևումյանը նամակի մեջ նշել է, որ ինքն ընդամենը երկու ամիս է՝ ինչ ժամանակավոր պաշտոնակատար է, բայց հետաքրքիր է` ինչու չէր նշել, թե այդ ինչպես եղավ, որ ինքը ընդամենը 2 ամիս է ժամանակավոր պաշտոնում: Ասեմ, նախկին տնօրենին նախկին իշխանությունները ստիպողաբար հեռացրել են աշխատանքից, փաստացի Միհրան Սևումյանն անարդարացիության արդյունքում նշանակվել է տնօրեն: Հիմա ստացվում է, որ արդարության վերականգնումը համարվում է Հայաստանի ժողովրդավարական արժեքների դեմ ոտնձգություն: Այսինքն՝ ոչ մի փոփոխություն չանե՞նք: Հակառակը, կադրային փոփոխությունը լինելու է նպատակաուղղված՝ այդ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար: Ոչ մի վենդետա չի լինելու, եթե լիներ՝ հիմա վաղուց բոլորը փոխված կլինեին: Ավելին ասեմ, որոշ մարդիկ ովքեր հայտարարեցին, որ գնում են առողջապահության նախարարությունից, հեռացել են իրենց կամքով: Օրինակ, բուժօգնության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, ում ես խնդրել եմ չգնալ: Քանի որ մեկ այլ անձ հեռանում էր, նա էլ որպես հավատարմության դրսևորում ևս որոշեց գնալ: Եթե մեկ այլ անձի հավատարմությունն ավելի կարևոր է, քան իր գործը, ապա խնդիր չկա, դա իր ընտրությունն է»,-նշում է նախարարը:

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին աշխատանքի ազատելու մասով էլ նախարարն ասել է, որ նրան առաջարկել է դառնալ Առողջապահության նախարարի խորհրդական, հետագայում՝ նաև տեղակալ, ինչը ենթադրում է ազատվել ներկայիս պաշտոնից: Ինստիտուտի աշխատակիցները, մինչդեռ, իրենց դժգոհությունն են հայտնել տնօրենի փոփոխության հետ կապված՝ պնդելով, որ իրենց տնօրենը շարունակի աշխատել իր պաշտոնում:

«Ինչ տեղի ունեցավ: Անձնակազմը, չուզենալով փոխել ստատուս քվոն, ինչն այս դեպքում, որոշների համար առավոտյան ժամը 10-ին գալն է և կեսօրին տուն գնալն է, ու անհասկանալի էր, թե ինչով զբաղվելն էր, Առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպեց իրարանցում գիտխորհրդի նիստի ժամանակ: Կազմվում է նամակ այն բովանդակությամբ, թե ինչու են ուզում տնօրենին հանել գործից, այն դեպքում երբ ես ուզում էի բերել ինձ մոտ խորհրդական, որովհետև նա պրոֆեսիոնալ է: Տպավորությունն այնպիսին է, թե այդ ինստիտուտը մի անձի վրա է կազմված, եթե նա չլինի՝ այդ ինստիտուտը չի լինի»,-ասաց նախարարը: Նա ընդգծեց, որ այդ աշխատողների քայլերն առաջինը վնասում են այդ ինստիտուտին:

Առողջապահության նախարարն ընդգծում է՝ իրականացվելու է նպատակաուղղված գործողություն նախարարության կենտրոնական ապարատի, ինչպես նաև ստորաբաժանումների արդյունավետությունը բարձրացնելու և անարդար որոշումները վերացնելու համար:

Նախարարի «Տարատեսակ պաշտոնները՝ որպես սեփականություն ընկալելու մասին» նախարարի տեսաուղերձը՝ ստորև.

Лента

Рекомендуем посмотреть