Կրծքով կերակրող մայրերի մոտ նվազում է քաղցկեղի ռիսկը. ՅՈՒՆԻՍԵՖ - RadioVan.fm

Онлайн

Կրծքով կերակրող մայրերի մոտ նվազում է քաղցկեղի ռիսկը. ՅՈՒՆԻՍԵՖ

2017-08-01 19:11 , Медицина, здоровье, 3116

Կրծքով կերակրող մայրերի մոտ նվազում է քաղցկեղի ռիսկը. ՅՈՒՆԻՍԵՖ

Ըստ նոր համաշխարհային վերլուծության, աշխարհում ոչ մի երկիր լիովին չի համապատասխանում կրծքով կերակրման միջազգային չափանիշներին: Այս մասին բարձրաձայնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Կրծքով կերակրման գլոբալ դաշինքը, որը կրծքով կերակրման խթանմանը միտված նոր համաշխարհային նախաձեռնություն է:

Ըստ «Կրծքով կերակրման համաշխարհային ցուցանիշը» զեկույցի, որտեղ ընդգրկված են 194 երկրներ, վեց ամսականից ցածր երեխաների միայն 40 տոկոսն է կերակրվում բացառապես կրծքով (այսինքն՝ սնվում միմյայն կրծքի կաթով), մինչդեռ միայն 23 երկրում է կրծքով կերակրման ցուցանիշը 60 տոկոսից բարձր:

Փաստերը ցույց են տալիս, որ կրծքով կերակրումը թե՛ նորածնի և թե՛ մոր առողջության և իմացական զարգացման համար օգուտներ ունի: Այն հատկապես կարևոր է կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում, քանի որ օգնում է կանխել լուծն ու թոքաբորբը՝ մանկական մահացության երկու հիմնական պատճառները: Կրծքով կերակրող մայրերի մոտ ձվարանների և կրծքի քաղցկեղի՝ կանանց մահացության երկու առաջատար պատճառների ռիսկը նվազում է:

«Կրծքով կերակրման շնորհիվ երեխաներն ունենում են կյանքի հնարավորինս լավ սկիզբ», – ասում է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն բժ. Տեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը: «Կրծքի կաթը կարծես թե երեխայի առաջին պատվաստումը լինի, քանի որ այն պաշտպանում է մանուկներին մահացու վարակներից և նրանց տրամադրում սնուցում, որն անհրաժեշտ է գոյատևելու և զարգացման համար»:

Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթվա (օգոստոսի 1-7-ը) սկզբին ցուցանիշի հետ մեկտեղ հրապարակվել է նոր ուսումնասիրություն, ըստ որի՝ յուրաքանչյուր նորածնի օգտին տարեկան անհրաժեշտ է ընդամենը 4.70 ԱՄՆ դոլարի ներդում, որպեսզի մինչև 2025 թվականը վեց ամսականից ցածր երեխաների շրջանում բացառապես կրծքով կերակրման համաշխարհային ցուցանիշը հասնի 50 տոկոսի:

«Սնուցելով ազգերի առողջությունն ու բարեկեցությունը. կրծքովկերակրման օգտին ներդրման փաստարկը» ուսումնասիրությունն առաջարկում է, որ այս թիրախին հասնելու շնորհիվ կփրկվի հինգ տարեկանից ցածր 520,000 երեխայի կյանք և 10 տարվա ընթացքում կստեղծի 300 բիլիոն ԱՄՆ դոլարի տնտեսական շահ, քանի որ կկրճատվի հիվանդությունների թիվը, պահանջվող առողջապահական ծախսերը և կբարձրանա արդյունավետությունը:

«Կրծքով կերակումն ամենաարդյունավետ, այդ թվում նաև ծախսաարդյունավետ, ներդրումներից մեկն է, որը յուրաքանչյուր երկիր կարող է կատարել իր ամենափոքրիկ անդամների և տնտեսության ու հասարակության ապագա առողջության օգտին», – ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը: «Կրծքով կերակրման օգտին ներդրում չկատարելով մենք վնասում ենք մայրերին ու նրանց մանուկներին, այդպիսով վճարելով կրկնակի գին՝ ի դեմս կորած կյանքերի և բաց թողնված հնարավորությունների»:

Համաշխարհային առումով կրծքով կերակրման օգտին ներդրումը չափազանց ցածր է: Ամեն տարի ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրների կառավարությունները կրծքով կերակրման ծրագրերի վրա ծախսում են մոտ 250 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ դոնոր կազմակերպությունները տրամադրում են լրացուցիչ 85 միլիոն ԱՄՆ դոլար:

Կրծքով կերակրման գլոբալ դաշինքը կոչ է անում երկրներին.

-Ավելացնել ֆինանսավորումը հօգուտ ծննդից մինչև երկու տարեկանը կրծքով կերակրման ցուցանիշների աճի:

-Լիովին իրականացնել «Կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման միջազգային օրենսգրքի» և Առողջապահության համաշխարհային ասամբլեայի համապատասխան որոշումները՝ իրավական խիստ գործիքների միջոցով, որոնք հարկադիր կկատարվեն: Այդ թվում անկախ կազմակերպությունների կողմից կիրականացվի մշտադիտարկում։

-Մշակել վճարովի ընտանեկան արձակուրդի և աշխատավայրում կրծքով կերակրման քաղաքականություն, հիմնված Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ մայրության պաշտպանության ուղեցույցի վրա, որը նաև ընդգրկում է զբաղվածության ոչ ֆորմալ հատվածը։

-Ծննդատներում իրականացնել «Կրծքով հաջող կերակրման 10 քայլերը» ծրագիրը, ներառյալ կրծքի կաթի տրամադրումը հիվանդ և խոցելի նորածիններին։

-Բարելավել կրծքով կերակրման մասնագիտական խորհրդատվության հասանելիությունը առողջապահական հաստատություններում։

-Ամրացնել առողջապահական հաստատություն – համայնք կապը և խրախուսել համայնքում առկա ցանցերը, որոնք պաշտպանում, խթանում և աջակցում են կրծքով կերակրմանը։

-Ամրապնդել մշտադիտարկման համակարգերը, որոնք արձանագրում են կրծքով կերակրման ազգային և գլոբալ թիրախներին ուղղված առաջընթացը։

«Կրծքով կերակրումը կարևոր է Կայուն զարգացման տարբեր նպատակների իրականացման գործում: Այն բարելավում է սնուցումը (ԿԶՆ2), կանխում մանկական մահացությունն ու նվազեցնում ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկը (ԿԶՆ3) և նպաստում է իմացական զարգացմանն ու կրթությանը (ԿԶՆ4): Կրծքով կերակրումը նաև կարող է նպաստել աղքատության վերացմանը՝ խթանելով տնտեսական աճն ու կրճատելով անհավասարությունները»,-նշվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть