Հայաստանում այսօր տոնում են անկախության վերականգնման մեկդարյա հոբելյանը - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում այսօր տոնում են անկախության վերականգնման մեկդարյա հոբելյանը

2018-05-28 15:11 , Общество, 2687

Հայաստանում այսօր տոնում են անկախության վերականգնման մեկդարյա հոբելյանը

Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության 100-ամյակը:

Երկարատև ընդմիջումից հետո՝ 1918 թ. մայիսի 26-ին, Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը ոչնչացումից. Հայկական լեռնաշխարհում շուրջ 9 դար անց՝ վերականգնվեց հայոց պետականությունը:

Հայկական հանրապետությունը հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո: Անկախ Հայաստանի առաջին վարչապետը դարձավ Հովհաննես Քաջազնունին։ Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն: Հայաստանի Հանրապետությունը գոյատևեց ընդամենը երկու տարի, մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը՝ հանրապետության խորհրդայնացմամբ: 1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց եւ խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր: 1992 թվականից այսօրը պաշտոնապես նշվում է որպես Հանրապետության օր:

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում ավանդաբար տեղի ունեցող միջոցառումների շրջանակում կայացել է «Հաղթանակի դար» խորագրով զինվորական շքերթը, որին ներկայացվել են 1918-20 թվականների կանոնավոր բանակի, ինչպես նաև կամավորական ջոկատների համազգեստները, Հայրենական պատերազմը, 1988-94 թթ-ի Արցախյան ազատամարտը ներկայացնող զորաշարքերը:

«Մենք ուզում են ընդգծել մեր ժողովրդի աշխարհազորի, կամավորական շարժման դերը, նշանակությունը այսօր, վաղը և մեր հետագա գործողությունների ընթացքում», լրագրողների հետ զրույցում ասել է ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

Հայաստանի Անկախության 100-ամյակի առթիվ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ծրագրված են բազմաթիվ միջոցառումներ՝ գիտաժողովներ, համաժողովներ, մշակութային ու հասարակական տարբեր հանդիսություններ: Տոնական միջոցառումներ են նախատեսված Երևանի բոլոր վարչական շրջաններում: Խորհրդանշական օրը կեզրափակվի երեկոյան մայրաքաղաքի Հանրապետության Հրապարակում նախատեսված տոնական համերգով: Այն կմեկնարկի 20.30-ին: Ելույթներով հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Մարաթուկ» համույթը, էստրադային երգիչներ:

Համերգային ծրագիրն ուղեկցվելու է ձայնային, լուսային, 3D անիմացիոն էֆեկտներով և սցենարային լուծումներով, որոնք հնարավորություն կտան տեղափոխվել անցյալ՝ 1918 թվական:

Այսօր երեկոյան ժամը 5-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть