Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի որոշումից դժգոհ՝ զինկոմիսարիատի աշխատակիցները ցույցի են ելել - RadioVan.fm

Онлайн

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի որոշումից դժգոհ՝ զինկոմիսարիատի աշխատակիցները ցույցի են ելել  

2018-05-16 12:15 , Общество, 2644

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի որոշումից դժգոհ՝ զինկոմիսարիատի աշխատակիցները ցույցի են ելել

Մարզային զինկոմիսարիատների տասնյակ աշխատակիցներ այսօր առավոտից ՀՀ կառավարության շենքի առջև էին՝ պահանջելով հանդիպում նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քաղաքացիները բողոքում են պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինկոմիսարիատները օպտիմալացնելու ծրագրից, որի պատճառով, նշում են, մինչև մայիսի 21-ը շուրջ 400 քաղաքացի ազատվելու է աշխատանքից՝ համալրելով գործազուրկների շարքերը:

«Զինկոմիսարիատում կան մայրեր, որոնց մինուճար որդիներն այժմ առաջնագծում են, ո՞նց եք պատկերացնում այդ մայրերին ազատել աշխատանքից, դարձնել գործազուրկ ու ցույց տալ արտագաղթի ճանապարհը»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում նշեց Սևանի զինկոմիսարիատում շուրջ 20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Գայանե Գրիգորյանը, ում որդին ևս զինծառայություն է իրականացնում առաջնագծում:

Բողոքի մասնակիցների շարքում էին ոչ միայն աշխատանքը կորցնողները, այլև այն սակավաթիվ աշխատակիցները, ովքեր շարունակելու են աշխատել համակարգում, սակայն՝ այլ քաղաքում: Նրանք էլ դժգոհում են հեռավորությունից, որը ստիպված են լինելու կտրել ու անցնել ամեն աշխատանքային օր: Նկատում են՝ ստացածը 75 հազար դրամ է, ինչը միայն կբավականացնի ճանապարհածախսին:

«Արմավիրի ու Էջմիածնի զինկոմիսարիատները միավորում են, աշխատելու են հիմնականում Արմավիրի զինկոմի աշխատակիցները, ինչո՞ւ: Կամ՝ Էջմիածնից մարդիկ ո՞նց են հասնելու Արմավիր: Մարդիկ խուճապի մեջ են»,-ասաց Էջմիածնի զինկոմի աշխատակիցներից մեկը: «Ռայոնից մարդը պետք է զորակոչվող երեխուն բերի հասցնի կենտրոն, գյուղացուց անցնենք աշխատակիցներին, ո՞նց են հասնելու աշխատանքի վայր»՝ նկատեց մեկ այլ ցուցարար:

Բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունեց Կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանը, ում հետ զրույցում զինկոմի ներկայացուցիչներից մեկը ներկայացնելով խնդիրն ասաց, որ ժամանակին 47 հոգանոց կոլեկտիվը, որն իրականացնում էր զորակոչ, զորահավաք, մոբիլիզացիա, մի կերպ էր իրականացնում, հիմա եթե կրճատեցին դարձրեցին 17-18 հոգի, ո՞նց են իրականացնելու:

Ալեքսանդր Ղազարյանը լսելով հավաքվածների խնդիրը՝ նրանց ուղղորդեց պաշտպանության նախարարություն՝ նշելով՝ կհամաձայնեցնի, որ նորանշանակ նախարարը ընդունի:

Հավաքվածները թեև չէին ցանկանում դուրս գալ կառավարության դիմումների սրահից՝ պնդելով, որ այդտեղ կսպասեն նախարարին, այդուհանդերձ, բաժնի պետի հորդորով նրանք հեռացան՝ հանձնելով վարչապետին ուղղված իրենց դիմում-խնդրանքը:


Նշենք, որ «Պաշտպանության մասին» նոր օրենքով՝ զինկոմիսարիատների կառավարումը ԶՈՒ գլխավոր շտաբից փոխանցվում է ՊՆ-ին՝ արդյունքում նախատեսվում է զինկոմիսարիատների օպտիմալացում. 44 զինկոմիսարիատից գործելու է միայն 14-ը:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть