Իսպանիա, Չեխիա, Ֆրանսիա. Նիկոլ Փաշինյանը շարունակում է արտասահմանյան գործընկերներից շնորհավորական ուղերձներ ստանալ - RadioVan.fm

Онлайн

Իսպանիա, Չեխիա, Ֆրանսիա. Նիկոլ Փաշինյանը շարունակում է արտասահմանյան գործընկերներից շնորհավորական ուղերձներ ստանալ

2018-05-15 18:04 , Политика, 1504

Իսպանիա, Չեխիա, Ֆրանսիա. Նիկոլ Փաշինյանը շարունակում է արտասահմանյան գործընկերներից շնորհավորական ուղերձներ ստանալ

Մայիսի 8-ից ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ իր արտասահմանյան գործընկերներից: Փաշինյանին այսօր ուղերձներ են հղել Իսպանիայի, Չեխիայի և Ֆրանսիայի վարչապետները:

Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Էդուար Ֆիլիպն իր ուղերձում նշել է, որ «այսօր, առավել քան երբևէ, Ֆրանսիան Հայաստանի կողքին է իրավական պետության և բարեփոխումների կոնսոլիդացման ճանապարհին նրան ուղեկցելու համար»: Ֆրանսիայի վարչապետը կարևորել է հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, նշելով, որ այն եզակի հնարավորություն է ընձեռում՝ երկու երկրների միջև կապերը խորացնելու և Հայաստանում ֆրանսերեն լեզուն ամրապնդելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ մաղթելով ամենայն հաջողություն նրա պատասխանատու գործում:

«Ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Վերջին իրադարձությունները հայ ժողովրդի ուժեղ ժողովրդավարական ոգու վկայությունն են: Ես համոզված եմ, որ չնայած ընթացիկ բազմաթիվ մարտահրավերներին, Ձեր պաշտոնավարումը որպես վարչապետ կնպաստի երկրի խաղաղ և ազատ զարգացմանը:

Ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ Չեխիայի Հանրապետությունը պատրաստակամ է աջակցելու Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների և ինստիտուտների ամրապնդմանն ուղղված Ձեր բոլոր ջանքերին և սատարելու Ձեզ բարեփոխումների գործընթացում: Մենք հատկապես ակնկալում ենք համագործակցել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչման շրջանակներում»,-ընդգծել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ իր շնորհավորական ուղերձում:

Հայաստանի հետ կապերը սերտացնելու պատչաստակամություն է հայտնել նաև Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը՝ իր ուղերձում վստահեցնելով, որ Հայաստանը՝ հանձին Իսպանիայի, Եվրամիության միջև կապերի ամրապնդման հաստատակամ համախոհ ունի:

Նշենք, որ ՀՀ ԱԺ հատուկ նիստում ընտրվելուց և Հանրապետության նախագահի հրամանագրով վարչապետ նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևից, Սլովակիայի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Սլովակիայի, Վրաստանի իր գործընկերներից: Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով շնորհավորել են նաև Չինաստանի Պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանը, Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ համատեղ ուղերձով, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, Վեհափառ Գարեգին Երկրորդը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը վարչապետ Յուրի Ռատասը:

Շնորհավորական ուղերձները մեկտեղեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть