Ջանջուղազյանը Հայաստանի գանձապետական համակարգի կնքահայրն է եղել. ֆինանսների նախկին նախարարը՝ նորանշանակի մասին - RadioVan.fm

Онлайн

Ջանջուղազյանը Հայաստանի գանձապետական համակարգի կնքահայրն է եղել. ֆինանսների նախկին նախարարը՝ նորանշանակի մասին

2018-05-15 17:10 , Политика, 1409

Ջանջուղազյանը Հայաստանի գանձապետական համակարգի կնքահայրն է եղել. ֆինանսների նախկին նախարարը՝ նորանշանակի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրեց նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանին, ով մինչ գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելը նախարարի առաջին տեղակալ, գլխավոր գանձապետն էր: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախկին նախարար Վարդան Արամյանը: Այդ մասին փոխանցում են կառավարության մամլո ծառայությունից:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնելով Վարդան Արամյանին նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ ընդգծել է.

«Պարոնայք Վարդան Արամյանն ու Ատոմ Ջանջուղազյանը ինձ հաճելիորեն զարմացրած անձինք էին իմ վարչապետ դառնալուց հետո: Հաճելի էր լսել, որ ֆինանսական համակարգը բնականոն աշխատել է՝ չնայած ներքաղաքական լարված իրավիճակին: Հույս ունեմ, որ առաջիկայում կկարողանանք հաղթահարել ցայտնոտի զգացումը: Առաջիկայում խնդիր ունենք պատշաճ ներկայացնել պետական բյուջեի, կարճաժամկետ ծախսերի նախագծերը: Համոզված եմ, որ այդ աշխատանքը կարող եք պատշաճ իրականացնել, պարոն Ջանջուղազյան»:

Դիմելով Վարդան Արամյանին՝ վարչապետը նշել է. «Ձեզ համարում եմ պրոֆեսիոնալ մարդ, համոզված եմ, որ ամեն ինչ կանեք՝ նոր նախարարին աջակցելու հարցում»:

Արամյանը շնորհակալություն է հայտնել լավ խոսքերի համար, երախտիքի խոսք ուղղել նախարարության իր գործընկերներին՝ նկատելով, որ Ջանջուղազյանը ֆինանսական համակարգին քաջատեղյակ անձնավորություն է, ով Հայաստանի գանձապետական համակարգի կնքահայրն է եղել. «Ես պատրաստ եմ բոլորին աջակցել ամեն հարցում»:

Ֆինանսների նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ նշել է, որ շնորհակալ է այդ բարձր պաշտոնում հայրենիքին ծառայելու հնարավորության համար:

Лента

Рекомендуем посмотреть