Հայ ժողովուրդը վստահ քայլում է իր երազանքների իրականացման ճանապարհով. վարչապետ Փաշինյանը ուղերձ է հղել - RadioVan.fm

Онлайн

Հայ ժողովուրդը վստահ քայլում է իր երազանքների իրականացման ճանապարհով. վարչապետ Փաշինյանը ուղերձ է հղել

2018-05-09 15:43 , Общество, 3359

Հայ ժողովուրդը վստահ քայլում է իր երազանքների իրականացման ճանապարհով. վարչապետ Փաշինյանը ուղերձ է հղել

Մայիսի 9-ը Հայաստանում և Արցախում եռատոն է. հայկական երկու պետություններում տոնում են Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը:

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որում ասված է.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։

Հայրենական մեծ պատերազմում մեր նախնիների տարած հաղթանակն իսկապես պատմական էր։ Այդ հաղթանակն ու նրանով պայմանավորված խաղաղությունը նոր դռներ բացեցին մեր ժողովրդի համար և նոր հորիզոններ բացեցին նրա ստեղծագործ աշխատանքի, երկրի շենացման ու զարգացման համար:


Հայ ժողովրդի բոլոր հատվածներն այդ հաղթանակին տվեցին այն ամենը, ինչ կարող էին և փառքով պսակեցին իրենց անունը երկրորդ աշխարհամարտի բոլոր ճակատներում, ինչպես նաև թիկունքում, պարտիզանական կռիվներում և դիմադրական շարժումներում։

Խորին ակնածանքով այսօր մենք մեր հարգանքն ու երախտագիտությունն ենք հայտնում մեր վետերաններին։


Այսօր մեզ համար կրկնակի տոն է։ Մենք տոնում ենք Շուշիի ազատագրման հերթական տարեդարձը։ Այդ փառավոր հաղթանակը սոսկ ռազմական հաջողություն չէր։ Դրանով արցախահայությունը փրկվեց բնաջնջման վտանգից և ձեռք բերեց խաղաղ ապրելու հեռանկար։

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակի առջև և հավաստիացնում, որ անհատի և ազգի ազատության ոտնահարումը չի հանդուրժվելու։ Չի հանդուրժվելու, որովհետև մեր ժողովուրդն ունի մարդասիրական իդեալներ, ազատասեր ոգի, ինչպես նաև միասնական կամք՝ պաշտպանելու այդ իդեալները։


Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունը, նրա համաժողովրդական ընդգրկումը ևս մի անբեկանելի ապացույց է, որ մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչ են ազատությունը, ժողովրդավարությունը և խաղաղասիրությունը։ Այսօր հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և սփյուռքում կրկին վստահ է իր ուժերին, Շուշիի ազատագրման ոգին արթուն է մեր սրտերում և աչքերում։


Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,

Չեմ կասկածում, որ վերջին իրադարձություններով ավելի ամրապնդված հայ ժողովրդի հաղթական ոգին Հայաստանին ու Արցախին բերելու է նոր հաջողություններ։ Հայ ժողովուրդը վստահ քայլում է իր երազանքների իրականացման ճանապարհով։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ տոնի առթիվ և մաղթում խաղաղ երկինք, արդար ու արդյունավետ աշխատանք՝ ի փառս մեր երկրի և ի բարօրություն մեր ժողովրդի։



Հիշեցնենք՝ մայիսի 8-ին ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցով գումարված հատուկ նիստում խորհրդարանը 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ 16-րդ վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետի հետագա պաշտոնավարման և «Հանրապետական» կուսակցության հետագա իշխանավարման դեմ «Իմ քայլը» շարժումն առաջնորդող «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին:

Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը և՛առաջին և՛ երկրորդ փուլում պաշտպանեցին Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները: Խորհրդարանական մեծամասնությունը՝ «Հանրապետական» խմբակցությունը, մայիսի 2-ին Հանրապետությունում վերսկսված բողոքի լայնածաված գործողություններից հետո միայն հանդես եկավ հայտարարությամբ, որ թեկնածու չի առաջադրի և պատգամավորների 1/3-րդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին կաջակցի դառնալ գործադիրի ղեկավար:

Ըստ այդմ՝ 58 պատգամավոր ունեցող «Հանրապետական» խմբակցությունից Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց հանրապետական 13 պատգամավոր:

Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու համար բավարար էր 53 ձայնը:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть