Շուրջ 8 մլն դրամ՝ ապրիլի 10-23-ը «Իմ քայլը» շարժմանը. ծախսը՝ մոտ 7,5 մլն - RadioVan.fm

Онлайн

Շուրջ 8 մլն դրամ՝ ապրիլի 10-23-ը «Իմ քայլը» շարժմանը. ծախսը՝ մոտ 7,5 մլն

2018-05-04 17:08 , Общество, 72357

Շուրջ 8 մլն դրամ՝ ապրիլի 10-23-ը «Իմ քայլը» շարժմանը. ծախսը՝ մոտ 7,5 մլն

«Իմ քայլը» համաժողովրդական շարժման առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ապրիլի 10-23-ն ընկած ժամանակահատվածում շարժմանը նվիրատվություն կատարած անձանց ցուցակը, ներդրված գումարի չափը:

Ներկայացվել է նաև նշյալ ժամանակահատվածում շարժման կողմից իրականացված ծախսերի հաշվետվությունը:

Համաժողովրդական շարժման առաջնորդը հավելում է նաև, որ առաջիկայում կներկայացվի նաև հետագա նվիրատվությունների և ծախսերի հաշվետվությունը։

Նշենք՝ ավելի վաղ «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հանդես էր եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում էր, որ Հայաստանում սկսված Թավշյա հեղափոխությանն աջակցել ցանկացող քաղաքացիները կարող են բանկային քարտի միջոցով աշխարհի ցանկացած վայրից փոխանցումներ կատարել: Միաժամանակ նշվում էր, որ յուրաքանչյուր երեք օրը մեկ հաշվետվություն է ներկայացվելու դրամական փոխացումների մասին:

Հիշեցնենք՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, այսօր արդեն ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ «Իմ Քայլը» շարժումը սկսվեց մարտի 31-ին՝ Գյումրիի Վարդանանց հրապարակից դեպի Երևան մեկնարկած քայլերթով:

Նպատակն էր՝ իրազեկման միջոցով ՀՀ քաղաքացիներին համախմբել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի և «Հանրապետական» կուսակցության հետագա իշխանավարման կասեցման գաղափարի շուրջ:

Նախաձեռնության անդամները մարտի 31-ից մեկնարկած քայլարշավի 14-րդ օրում՝ ապրիլի 13-ին, հասան Երևան: Շարժումը վերածվեց հանրահավաքային գործընթացի, ներգրավեց հարյուր հազարավոր քաղաքացիների` դառնալով Երրորդ հանրապետության պատմության ամենազանգվածային քաղաքական շարժումը: «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսի ներքո անցկացվող քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողությունների արդյունքում Ազգային ժողովի կողմից 2018 թվականի ապրիլի 17-ին ՀՀ վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть