Գործադուլ են հայտարարել մի շարք կառույցների աշխատակիցներ - RadioVan.fm

Онлайн

Գործադուլ են հայտարարել մի շարք կառույցների աշխատակիցներ  

2018-05-02 13:45 , Общество, 3325

Գործադուլ են հայտարարել մի շարք կառույցների աշխատակիցներ

Այսօր գործադուլ են հայտարարարել «Հայ փոստի», հաշվապահական ընկերությունների աշխատակիցներ, փաստաբանական պալատի անդամներ: Նրանք միացել են մայրաքաղաքի փողոցները փակած խաղաղ անհնազանդության բողոքի մասնակիցներին:

Հաշվի առնելով բազմաթիվ փաստաբանների մասնակցությունը ժողովրդական ընդվզման ալիքի շրջանակներում կազմակերպվող բողոքի ակցիաներին, ինչպես նաև առկա տեղաշարժման խոչընդոտները՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է դատավորներին՝ կոչ անելով հարգելի համարել այս օրերին դատական նիստերին չմասնակցած փաստաբանների բացակայությունը՝ հետաձգելով դատական նիստերը։

Գործադուլ են հայտարարել նաև համայնքային կառույցների աշխատակիցները. Տավուշի մարզպետարանի աշխատակիցները, մարզկենտրոն Իջևանի քաղաքապետարանի աշխատողները:

Վանաձորում խաղաղ ցուցարաներին միացել են թիվ 3 պոլիկլինիկայի մի խումբ բուժաշխատողներ:

Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքը՝ համայնքապետի գլխավորությամբ՝ կնիքով և ստորագրությամբ, միացել է համաժողովրդական «թավշյա հեղափոխությանը»:

Հիշեցնենք, վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, «Իմ քայլը» համաժողովրդական շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում վարչապետ ընտրվելու համար չստացավ բավարար թվով ձայներ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 55 պատգամավոր: Քվեարկությունից հետո նա միացավ Հանրապետության հրապարակում շուրջ 12 ժամ իրեն սպասող և տեղից ԱԺ նիստին ողջ օրը հետևած քաղաքացիներին՝ կոչ անելով նրանց այսօր, 18:15-ից, Հանրապետության ողջ տարածքում վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

Վաղ առավոտից կաթվածահար է երթևեկությունը մայրաքաղաքի գլխավոր փողոցներում ու պողոտաներում, փակ են նաև միջքաղաքային և համայնքային մի շարք ավտոճանապարհներ. ցուցարարներն իրենց բողոքն են հայտնում երեկ ԱԺ-ում Հանրապետական մեծամասնության կողմից վարչապետի ընտրության քվեարկության առնչությամբ:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть