Փաշինյանը ներկայացրեց իր մոտեցումները ԼՂ հարցի վերաբերյալ՝ հորդորելով Սաղաթելյանին ապատեղեկատվություն չտարածել - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը ներկայացրեց իր մոտեցումները ԼՂ հարցի վերաբերյալ՝ հորդորելով Սաղաթելյանին ապատեղեկատվություն չտարածել

2018-05-01 16:45 , Политика, 1586

Փաշինյանը ներկայացրեց իր մոտեցումները ԼՂ հարցի վերաբերյալ՝ հորդորելով Սաղաթելյանին ապատեղեկատվություն չտարածել

ԼՂ հարցի վերաբերյալ փոխզիջման որևէ տարբերակ քննարկելի է միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը շատ հստակ ուղերձ հղի, որ պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այս տեսակետն այսօր ԱԺ ամբիոնից հայտնեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե ինչ մոտեցումներ և լուծումներ ունի Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ:

«Էն մթնոլորտում, երբ որ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը, այդ մթնոլորտում փոխզիջման մասին խոսելը մի փոքր տարօրինակ է։ Այս պայմաններում մենք կարող ենք խոսել միայն սեփական պետության և երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու մասին, իսկ փոխզիջման որևէ տարբերակ քննարկելի է միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը շատ հստակ ուղերձ հղի, որ պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ «Ուրիշ որևէ տարբերակ չկա»:

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը Փաշինյանից հետաքրքվեց, թե, արդյո՞ք ԼՂՀ կարգավորման հարցում հակասություններ չկան նրա նախկին և ներկա տեսակետների միջև. հանրապետական պատգամավորը, մասնավորապես, մեջբերեց տարիներ առաջ «Հայկական ժամանակ» թերթում Նիկոլ Փաշինյանին վերագրվող խոսքերը` Արցախի ազատագրված տարածքների վերաբերյալ. «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ: Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին: Մերը թողած ուզում ենք տերը լինել ուրիշին»: Սաղաթելյանը հետաքրքրվեց՝ արդյոք Փաշինյանը, քաղաքական իրողություններով պայմանավորված, նույն կարծիքի՞ն է մնացել:

Համացանցում տարածված Փաշինյանին վերագրվող խոսքերը՝

Ի պատասխան՝ վարչապետի թեկնածու Փաշինյանն ասաց, որ այդ մեջբերումը արդեն 5 տարի իր լուսանկարով շրջանառության մեջ է դրված սոցցանցերում և ինքը բազմիցս հերքել է նման տեքստի գոյությունը՝ հրապարակելով նշված օրը ՀԺ-ում տպագրված իր հոդվածի լուսապատճենը:

«Ես ցավում եմ, որ դուք սա իմանալով, ակտիվ լինելով սոցցանցերում, իմ 15-20 անգամ արած հերքումները, էդ հոդվածի լուսապատճենները չեք նկատել, և հիմա եկել եք ԱԺ նիստում զբաղված եք դեզինֆորմացիայի տարածմամբ: Թույլ տվեք եզրակացնել, որ, եթե այդպես է, ուրեմն, Դուք և Ձեր թիմը կարող է որոշակի կապ ունենալ նման դեզինֆորմացիաների տարածման հետ: Եթե որևէ մեկը փորձի մեր գործունեությունը ներկայացնել որպես ՀՀ ազգային և պետական շահերին հակասող՝ այդ մեկին շատ լուրջ հիասթափություն է սպասում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով դադարեցնել դեզինֆորմացիայի տարածումը:

Փաշինյանը նաև նշեց, որ 2016-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ջոկատ է կազմել, մեկնել առաջնագիծ՝ իրականացնելու մարտական հերթապահություն. «Քնել եմ վրաններում, փորել եմ խրամատներ և ավտոմատով պաշտպանել եմ իմ հայրենիքի՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Եվ, եթե որևէ մեկը կփորձի այլ լույսի ներքո ներկայացնել իմ գործունեությունը, ինքը կներկայանա բոլորովին այլ լույսի ներքո»:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում ընթանում է ՀՀ վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը. առաջադրված միակ թեկնածուն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է, որի թեկնածությունը սատարելու մասին հայտարարել են ԱԺ երեք խմբակցություններ՝ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք», որոնք միասին ունեն 47 ձայն: Փաշինյանին ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն:

ՀՀԿ-ն հայտարարել է, որ քվեարկելու հարցում իր դիրքորոշումը կհայտնի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:

ԱԺ-ում հատուկ նիստը շարունակվում է:

Лента

Рекомендуем посмотреть