Որո՞նք են լինելու անցումային կառավորության գերակայությունները - RadioVan.fm

Онлайн

Որո՞նք են լինելու անցումային կառավորության գերակայությունները

2018-05-01 15:06 , Политика, 1347

Որո՞նք են լինելու անցումային կառավորության գերակայությունները

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ներկայացրել է համանուն խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը, ինչպես և՝ գերակայությունները՝ վարչապետ ընտրվելու դեպքում. Ըստ այդմ՝

Անցումային կառավարության գերակայություններից է լինելու քաղաքական համազգային համերաշխությունը, ընդ որում՝ անցյալի սխալների բարձրաձայնումը ոչ թե պետք է խոչընդոտի այդ համերաշխությանը, այլ ճիշտ հակառակը, դառնա դաս, դառնա փորձառություն, և հարթի ուղի դեպի զարգացման ճշմարիտ ճանապարհը: Այդ մասին այսօր վարչապետի ընտրության հարցով ԱԺ-ում հրավիրված հատուկ նիստում հայտարարել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու պարագայում կառավարության գերակայությունները:

Երկրորդ գերակայությունն այն է, որ ձևավորվելիք կառավարությունը պետք է ապահովի երկրի բնականոն գործունեությունը՝ սկսած սահմանների պաշտպանությունից, ֆինանսական համակարգի կայունությունից, վերջացրած ընթացիկ առաջացող խնդիրների օպերատիվ լուծումով: «Այս կառավարությունը նաև պետք է դնի այն սոցիալ- տնտեսական հիմքը, հղի այն սոցիալ-տնտեսական ուղերձները, որոնք պետք է նախանշեն հետագա զարգացման քաղաքականությունը»,-նշել է Արարատ Միրզոյանը:

Խոսելով երրորդ գերակայությունից՝ պատգամավորն ասել է, որ պետք է բարեփոխվի ընտրական համակարգը և «առաջին հերթին խոսքն ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի հարակից օրենքների փոփոխության մասին է»:

Նոր կառավարության չորրորդ գերակայությունը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն է. «Ընտրություններ, որոնք կլինեն իսկապես ազատ, իսկապես ժողովրդավարական, արդար, ընտրություններ, որոնց արդյունքները որևէ կասկած չեն առաջացնի որևէ մեկի մոտ»:

Հատուկ նիստը, որը մեկնարկել է 12:00-ին, խորհրդարանում շարունակվում է:

Лента

Рекомендуем посмотреть