Փաշինյան-Կարապետյան բանակցություն այսօր տեղի չի ունենա. վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը անհեռանկարային է համարում մասնակցել լուծումներ գտնելու «հավանականություն չունեցող բանակցությունների»:
Հիշեցնենք` երեկ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը ի գիտություն ընդունելով ՀՀԿ խմբակցության հայտարարությունն այն մասին, որ պատրաստ են բոլոր կողմերի հետ առանց նախապայմանների քննարկել ցանկացած հարց` վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանին այսօր՝ 12:00-ին, հրավիրեց «Արմենիա Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը:
Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանի րոպեներ առաջ տարածած հայտարարությունում ասված է.
«Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների: Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ:
Բացի այդ, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ:
Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային:
Կարեն Կարապետյանի կարծիքով, պարոն Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ուղղված Հանրապետության նախագահի առաջարկությունը՝ երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին»:
Նշենք, որ սա Նիկոլ Փաշինյանի կողմից վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին ուղղված բանակցության երկրորդ հրավերն էր. Սերժ Սարգսյանի հրաժարականով պայմանավորված ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում կայացած հաղթական հանրահավաքում «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարթակից հայտարարեց, որ ապրիլի 25-ին, առավոտյան ժամը 11-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կշարունակվեն բանակցությունները վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ՝ իշխանությունն անցնցում փոխանցելու հարցի շուրջ: Սակայն Կարապետյանը չներկայացավ նախապես հայտարարված հանդիպմանը՝ պարզաբանելով, որ դա «տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով...ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել»:
Բանակցությունների տապալումից հետո՝ "Իմ քայլը" շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց բողոքի գործողությունների վերսկսման մասին` կոչ անելով ժողովրդին ապրիլի 25-ի առավոտյան 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում` ավարտին հասցնելու "ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը":
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան