Մայիսի 1-ին ԱԺ-ում կքննարկվի վարչապետի ընտրության հարցը - RadioVan.fm

Онлайн

Մայիսի 1-ին ԱԺ-ում կքննարկվի վարչապետի ընտրության հարցը

2018-04-26 13:18 , Политика, 1837

Մայիսի 1-ին  ԱԺ-ում կքննարկվի վարչապետի ընտրության հարցը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը վարչապետի ընտրության անցկացման մասին հայտարարություն է տարածել.

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,-ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ԱԺ նախագահի հայտարարությունում:

Նշենք, որ ապրիլի 13-ից ողջ հանրապետությունում «Իմ քայլը» շարժման ծավալած բողոքի լայնածավալ գործողությունների արդյունքում՝ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Սահմանադրության համաձայն՝ վարչապետի լիազորությունները ստանձնեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

Այն բանից հետո, երբ տապալվեց ապրիլի 25-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նախանշված Փաշինյան-Կարապետյան հանդիպումը, որում պետք է քննարկվեր «իշխանության անցնցում փոխանցման» հարցը, երեկ առավոտից «ՀՀԿ, հեռացի´ր» կարգախոսի ներքո հանրապետությունում վերսկսվեցին բողոքի ցույցերը:

Երեկ երեկոյան տեղի ունեցավ խորհրդարանական մեծամասնության՝ «Հանրապետական» խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ, որի արդյունքում հայտարարվեց, որ «Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց»:

Ըստ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող «Իմ քայլը» շարժման առաջնորդ, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի օրակարգի՝ վարչապետի թեկնածուն պետք է առաջադրվի միմիայն ժողովրդի ընտրությամբ: Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում որպես ժողովրդի թեկնածու հայտարարվեց Նիկոլ Փաշինյանի անունը:

«Այսօր մենք վերջանականապես մերժեցինք սուտը և թույլ չտվեցինք իրավիճակից օգտվողներին մեզանից գողանալ մեր հաղթանակը: Այսօր արդեն վստահաբար կարող ենք ասել, որ ՀՀԿ-ն Հայաստանում այլևս իշխանություն չունի: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունն այլևս պատկանում է ժողովրդին և սա անշրջելի է»,- հանրահավաքի հարթակից հայտարարեց «Ելք» դաշինքի անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ եկել է ժամանակը, որպեսզի որպես իշխանություն միասին կայացնեն իրենց առաջին ամենակարևոր որոշումը: «Պետք է որոշենք, թե ով է այն մարդը, որը լիազորված է լինելու այս հրապարակի և ՀՀ-ի քաղաքացիների գերակշիռ մեծամասնության կողմից ընտրվել վարչապետ, կազմել կառավարություն, իրականացնել փոփոխություններ և կազմակերպել արդար ընտրություններ»,-ասաց նա, ինչին համաժողովրդական շարժման մասնակիցները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ, Նիկոլ»:

«Ինչպես ասեք, այնպես էլ կլինի: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ԱԺ-ն ընտրելու է վարչապետ և ժողովրդի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը»,-արձանագրեց Ռուբեն Ռուբինյանը:

Лента

Рекомендуем посмотреть