«Ժողովրդի ընտրյալը որոշվում է ընտրություններով»,-այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ներքաղաքական գործընթացների առնչությամբ որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ այսօր ունեցած ճեպազրույցում:
«Տեսեք, ես որևէ երկիր չգիտեմ, որտեղ ժողովրդի ընտրած թեկնածուն այդպես է ընտրվում: Դրա համար գոյություն ունեն ընտրություններ, այնտեղ կան քաղաքացիներ, որոնք դժգոհ են, բայց ինչպե՞ս չափենք, այդ քաղաքացիներն ուզում են Նիկոլ Փաշինյանին, մեկ այլ քաղաքացիներ ցանկանում են մեկ այլ թեկնածուի, և ինչպե՞ս մենք վարվենք, ո՞րն է հայտանիշը, դուք գիտե՞ք որևէ երկիր, որտեղ այդպես է ընտրվում ժողովրդի ընտրյալը: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք՝ եկեք անցկացնենք արտահերթ ընտրություններ, և եթե ժողովրդի ընտրյալն ինքն է՝ ինքը կգնա: Սահմանադրությունն այսօր չի արգելում, որպեսզի Ազգային ժողովում իրենց խմբակցությունը ներկայացնի իրենց թեկնածուին, թող ներկայացնեն և եթե հաղթեն, ապա՝ այո: Բայց մենք չենք կարող, հասկանում եք, սուբյեկտիվ հատվածներ ստեղծել, որով ասենք՝ ես ժողովրդի ընտրյալն եմ, այս հատվածի ընտրյալն եմ, այն մյուս հատվածի ընտրյալն եմ և այլն»,-կառավարության տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ ասել է Կարապետյանը, ըստ էության, բացառելով «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի թեկնածուին հրապարակում ընտրելու պահանջի հնարավորությունը:
Ճեպազրույցին ներկա լրագրողներից մեկի այն հարցին, թե վարչապետի պաշտոնակատարն արդյոք հնարավոր համարո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի այն առաջարկի իրագործումը, թե մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները Ազգային ժողովում իշխող մեծամասնության կողմից ժողովրդի վարչապետի թեկնածուի ընտրություն պետք է լինի՝ Կարեն Կարապետյանն արձագանքել է.
«Այսպես կոչված ժողովրդի վարչապետի թեկնածուն ո՞րն է, բացատրեք»:
Կարեն Կարապետյանի ճեպազրույցի հարց ու պատասխաններին ծանոթացեք հետևյալ հղմամբ: