Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է - RadioVan.fm

Онлайн

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

2018-04-24 14:25 , Общество, 1648

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Հազարավոր հայեր, օտարերկրյա հյուրեր այսօր այցելում են ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհում հավերժական կրակի առջև` իրենց հարգանքի տուրքը մատուցելով 20-րդ դարի սկզբին երիտթուրքերի ձեռամբ իրագործված ոճրագործության զոհերի`ավելի քան 1,5 մլն հայերի հիշատակին:

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի շրջանակում հիշատակի միջոցառումներ են նախատեսված ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի կառույցների նախաձեռնությամբ:

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման դեմ ապրիլի 13-ից բողոքի հավաքներ նախաձեռնած և երեկ հաղթանակած «Իմ քայլը» շարժման առաջնորդները և հազարավոր համակիրներն այսօր 15:00-ին Երևանի գլխավոր` Հանրապետության հրապարակից երթով կշարժվեն դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. նման կոչով երեկ երեկոյան հանրահավաքի հարթակից հանդես եկավ շարժման առաջնորդ, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

1915 թ. Օսմանյան Թուրքիայի` հայ ժողովրդի նկատմամբ իրագործած կոտորածը պաշտոնապես քննադատել և ըստ միջազգային իրավունքի ճանաչել են մոտ երեք տասնյակ երկրներ, ընդ որում, առաջինն ընդունել է Ուրուգվայը` 1965 թվականին։

Մեծ եղեռնից ավելի քան մեկ դար անց՝ համայն հայությունը դեռ «Հիշում է և պահանջում»:

«Ապրիլի 24-ը սուրբ և համընդհանուր է բոլոր հայերի, աշխարհի քաղաքակիրթ մարդկության համար: Այդ օրը ոչ մի հայ չի կարող դուրս գալ մյուսի դեմ: Հարյուր տարուց ավելի այս օրը եղել է միասնության օր, հիշատակի և սգի օր, ընդդեմ Թուրքիայի կողմից իրագործված անարդարության և այսօր ցեղասպանությունը ժխտողների դեմ բողոքի օր:

Հարգենք մեր նախնիների հիշատակը և հոգանք մեր ազգի ապագան արժանապատվորեն ու պատվով:

Պահենք և պահպանենք աշխարհի աջակցությունը և համերաշխությունը մեր հանդեպ Ապրիլի 24-ին, երբ մեզ հետ միասին հարգում են զոհերի հիշատակը և հիշում նրանց, ովքեր օգնել են վերապրողներին:

Այսօր վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբել մեր ժողովրդին ազգային իդեալների շուրջ, լուծել մեր ներքին խնդիրները միասնաբար՝ երկխոսության և փոխըմբռման ոգով, խթանել ժողովրդի ստեղծարար ուժերը, կերտել դինամիկ զարգացող ժամանակակից Հայաստան, որը հպարտության առարկա կլինի աշխարհի բոլոր հայերի համար և ունակ՝ պաշտպանելու հայ ժողովրդի անանց իրավունքները»,-ասված է Հայաստանի և Արցախի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների համատեղ կոչում :

Ապրիլի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղերձով է դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` նշելով, որ հիշում են 1915 թ. Ապրիլի 24-ը և Կոնստանդնուպոլիսում 600 հայ մտավորականների սպանդը, որը վկայում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության սկիզբը և, որ իրենք երբեք չեն մոռանա սպանված այն տղամարդկանց, կանանց եւ երեխաներին, որոնք իրենց վախճանը գտան աքսորի ճանապարհներին՝ սովից, ցրտից եւ հյուծվածությունից:

Лента

Рекомендуем посмотреть