«Փաստարկներից մեկը, որ ես այսօր վարչապետ եմ, Արցախի հարցի հետ է կապված»: Այս մասին ասել է վարչապետ Սերժ Սարգսյանը՝ «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում՝ արձագանքելով հարցազրուցավար Արամ Աբրահամյանի այն դիտարկմանը, թե մենք Արցախի չլուծված հարցը թողնում ենք հաջորդ սերնդին, և գուցե սերնդափոխություն լինի, գան ուրիշները և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, ուրիշ ձևով նայեն այդ հարցին և գտնեն հարցի լուծումը:
«Երբ Դուք ասում եք՝ ուրիշ, ես մտահոգվում եմ: Այսինքն՝ ի՞նչ: Հայաստանում կարող են գալ մարդիկ, ովքեր կհամաձայնե՞ն Արցախը հանձնել Ադրբեջանին: Ինձ համար դա անհասկանալի է: Եվ եթե խոսքը հաջորդ սերունդների մասին է, ապա ես կարող է գերեզմանում շուռ գամ՝ էդպիսի բան լսելով»,-ասել է վարչապետ Սարգսյանը՝ ընդգծելով, որ Բանակցային պրոցեսը պետք է շարունակվի:
Արամ Աբրահամյանի լրացմանն ի պատասխան, թե խոսքը զիջումների մասին է, Սերժ Սարգսյանը ասել է.
«Այ, որ իրենք հրաժարվեն այդ պատրանքներից, թե փոխզիջում նշանակում է հայկական կողմերի և ադրբեջանական կողմի կողմից, այդ ժամանակ խնդիրը կարող է լուծվել»:
«Եթե մենք ունենայինք այլ ճանապարհ՝ առանց զիջումների ասելու, չէ, ամբողջը մերն է, և վերջ, միգուցե կարելի էր դրան գնալ, բայց չունենք էդպիսի ճանապարհ, դա խաղաղության չանապարհը չի»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ այդ ճանապարհը համաձայնության գալն է, ինչի համար անհրաժեշտ է երկու կողմի կարծիքը:
Վարչապետը հավելել է, որ մեր ամենօրյա գործը պետք է լինի ամեն ժամ հայկական զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելը:
«Սա է ամենառեալ միջոցը կայունությունը պահպանելու: Իհարկե, մենք պետք է զարգացնենք հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, որովհետև նրանիցից էլ շատ բան է կախված, բայց ամենահիմնականը՝ հայ զինվորն ու սպան են»,