Կապանում բացվել է առաջին ժամանակակից կինոթատրոնը - RadioVan.fm

Онлайн

Կապանում բացվել է առաջին ժամանակակից կինոթատրոնը

2018-03-22 17:55 , Общество, 1476

Կապանում բացվել է առաջին ժամանակակից կինոթատրոնը

Սյունիքի մարզկենտրոն Կապանն արդեն ժամանակակից կինոթատրոն ունի. քաղաքում նախօրեին կայացել է «S’Unique» կինոթատրոնի պաշտոնական բացումը:

«Ժամանակակից տեխնիկայով և դիզայներական լուծումներով հագեցած կինոթատրոնն իր տեսակով միակն է Հայաստանի մարզերում: Այն իր կառուցվածքով և կահավորմամբ համապատասխանում է միջազգային ստանդարտներին. հագեցած է գերմանական արտադրության վերջին սերնդի կինոտեխնիկայով: Կինոդահլիճն ունի 84 նստատեղ, իսկ տոմսերը Երևանում գործող կինոթատրոնների տոմսերի արժեքից զգալի ցածր են»,-հայտնում են Սյունքի մարզպետարանից՝ նշելով, որ նախօրեին կայացած պաշտոնական բացմանը կինոթատրոնի առաջին հյուրերն են եղել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությունը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, Կապան համայնքի պատվավոր քաղաքացիներ և մշակութային գործիչներ:

Հյուրերը շրջայց են կատարել նորաբաց կինոթատրոնում, ներկա են եղել կինոդիտման ու ծանոթացել են ժամանցի կազմակերպման համար ստեղծված պայմաններին:

Մինչ ֆիլմի ցուցադրությունը «S'Unique» կինոթատրոնի էկրանին առաջինը ցուցադրվել է 1980 թվականին նկարահանված «Թռիչքը սկսվում է գետնից» ֆիլմից Կապանի օդանավակայանում նկարահանված հատվածը, որի ընտրությունը պայմանավորված է եղել հանգամանքով, որ ընդամենը ամիսներ անց վերագործարկվելու է Կապանի օդանավակայանը:

Մարզպետ Վահե Հակոբյանի խոսքով՝ կինոթատրոնը ոչ միայն ապահովելու է կապանցիների և քաղաքի հյուրերի ժամանցը, այլ նաև իրականացնելու է սոցիալական ծրագրեր. կլինեն անվճար ցուցադրություններ սոցիալապես անապահով ընտանիքների, խոցելի խմբում ընդգրկված երեխաների համար:

Նշվում է նաև, որ կինոթատրոնը վերակառուցվել է մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ՝ «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամի հովանու ներքո:

Лента

Рекомендуем посмотреть