Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 6,57 հա մակերեսով հողամասը 457.3 մլն դրամ կադաստրային արժեքով կօտարվի «Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորմանը»՝ «Վերածնունդ» երիտասարդական ավան կառուցելու նպատակով:
«Ըստ հիմնավորման, ներկայումս, հաշվի առնելով մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու մեծ պահանջարկը եւ շուրջ 1200 երիտասարդ ընտանիքների կողմից ներկայացված դիմումները, որոշվել է ընդլայնել բնակարանաշինական ծրագրերի շրջանակը եւ մատչելի պայմաններով բնակարան ձեռքբերելու հնարավորություն ընձեռնել բոլոր կարիքավոր դիմումատուներին»,–նախագիծը հաստատման ներկայացնելիս ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ պարզաբանելով, որ «Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունն իրականացնում է բնակարանային ապահովման սոցիալական ծրագրեր, որոնց շրջանակներում Երեւանում կառուցվում են բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրներ։ Բնակարանները տարբեր ոլորտի մասնագետներին վաճառվում են շուկայական գներից ցածր։
Բնակելի համալիրը, ըստ նախագծի, ներառելու է շուրջ 1000 բնակարան, կանաչ գոտի, մանկապարտեզ, կենցաղային ծառայությունների եւ հանրային նշանակության գոտիներ։ Նախագծի ընդհանուր ներդրումային արժեքը կազմել է շուրջ 52 մլրդ դրամ, իրականացման ժամկետը 40 ամիս է (2018 թվականի ապրիլի 1-ից 2021 թվականի հուլիսի 1–ը)։