Զսպման ապօրինի միջոցներ, ժամկետանց դեղեր, խտրական վերաբերմունք. հոգեբուժարաններում մի շարք խախտումներ են արձանագրվել - RadioVan.fm

Онлайн

Զսպման ապօրինի միջոցներ, ժամկետանց դեղեր, խտրական վերաբերմունք. հոգեբուժարաններում մի շարք խախտումներ են արձանագրվել

2018-03-21 15:37 , Право, 1814

Զսպման ապօրինի միջոցներ, ժամկետանց դեղեր, խտրական վերաբերմունք. հոգեբուժարաններում մի շարք խախտումներ են արձանագրվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդես է եկել հոգեբուժական հաստատություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ արտահերթ զեկույցով, որում Օմբուդսմենը բարձրաձայնում էոլորտում նախորդ տարվա ընթացքում չհայտարարված այցերի արդյունքում արձանագրված մի շարք խախտումների մասին:

Պաշտպանն ուշադրություն է հրավիրում հոգեբուժարաններում կիրառվող օրենքով չնախատեսված զսպման, ներգործության միջոցներին, դրանց կիրառման կարգի խախտումներին. մի քանի հոգեբուժարաններում առկա չեն ֆիզիկական զսպման համար նախատեսված առանձին սենյակներ, և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց ֆիզիկական զսպումն իրականացվում է հիվանդասենյակներում, նույնիսկ` պացիենտների ներկայությամբ, դրան երբեմն մասնակցում են պահակային ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցները:

Արձանագրվել է նաև, որ հոգեբուժական հաստատություններում կիրառվում են մեխանիկական զսպման այնպիսի միջոցներ, որոնց ցանկը հաստատված չէ նախարարի հրամանով, հետևաբար, դրանց կիրառումը ապօրինի է: Օրինակ` Նուբարաշենի հոգեբուժարանում կիրառվում են ռետինե լարաններ, սավանի կտորից պատրաստված գոտիներ: Այդ հոգեբուժարանում առանձնացված չեն նաև կանանց ու տղամարդկանց բաժանմունքները:

Խախտումներ են արձանագրվել նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենսաթոշակ տրամադրելու և նրանց կողմից այն ինքնուրույն տնօրինելու մեխանիզմներում: Պարզվել է, որ Արմաշի առողջության կենտրոնում հոգեկան առողջության խնդրիներ ունեցող թոշակառուները կենսաթոշակի մի մասը տալիս են աշխատակիցներին` իրենց պահելու համար:

Պաշտպանի աշխատակազմի չհայտարչարված այցերի ընթացքում բացահայտվել են նաև հոգեբուժական վճարովի ծառայությունների տրամադրման դեպքեր՝ չնայած փաստին, որ երկրում հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն անվճար է:

Արձանագրվել են նաև հետևյալ խումբ խնդրիները.

  • համայնքային մակարդակում հոգեկան առողջության պահպանման ծառայություններն անհասանելի են, մի շարք դեպքերում չկան նեղ մասնագետները (օրինակ՝մանկական հոգեբույժներ),
  • հոգեբուժական կազմակերպություններում բուժանձնակազմի թիվը բավարար չէ, հոգեբուժարաններում կան գերծանրաբեռնվածության դեպքեր, առկա է կենցաղային, այդ թվում` սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն, կան ոչ պատշաճ քանակի և միատեսակ սննդի տրամադրման խնդիրներ,
  • չկա գիշերային ժամերին հոգեբույժների հերթապահություն, իսկ հերթապահություն, իրականացնող միջին բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է, այդ թվում՝ նաև Երևանում,
  • արձանագրվել են ժամկետանց դեղեր և բժշկական պարագաներ, դեղերի ոչ պատշաճ պահպանում և խոտանում,
  • եղել են հոգեմետ դեղերի հաշվառման և տրամադրման մատյանների ոչ պատշաճ վարման դեպքեր,
  • բացակայում են անհետաձգելի հոգեբուժական հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերում անձին հոգեբուժական կազմակերպություններ տեղափոխելու և պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու մեխանիզմները,
  • պատշաճ կերպով չի ապահովվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց զբոսանքի իրավունքը:

Այցերի ընթացքում վեր հանված խնդիրները, դրանց ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև անհրաժեշտ լուծումների առաջարկները ներկայացվել են ոլորտի իրավասու մարմիններին:

Մարդու իրավունքների պաշտպանը Գլխավոր դատախազություն է ուղարկել ժամկետանց դեղերի, դեղերի բաց թողնմանն ու հսկմանն առնչվող մատյաններում սահմանված կարգի կոպիտ խախտումներով լրացնելու, այդ թվում՝ հատուկ կարգով բաց թողնման դեղերի չափերը մատիտով լրացնելու, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանցից կենսաթոշակները վերցնելու վերաբերյալ արձանագրված տեղեկությունները:

Ամբողջական զեկույցինծանոթացեք այստեղ:

Лента

Рекомендуем посмотреть