Ընտանեկան բռնության ենթարկվածներին պետբյուջեից 165.000 դրամ փոխհատուցում կտրվի - RadioVan.fm

Онлайн

Ընտանեկան բռնության ենթարկվածներին պետբյուջեից 165.000 դրամ փոխհատուցում կտրվի

2018-03-16 16:13 , Общество, 1460

Ընտանեկան բռնության ենթարկվածներին պետբյուջեից 165.000 դրամ փոխհատուցում կտրվի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր ֆինանսական աջակցության համար անժամկետ օգտագործման իրավունքով հաշվեհամար կբացի. գերատեսչությունը համապատասխան որոշման նախագիծը տեղադրել է իր պաշտոնական կայքում, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

«Միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ընտանիքում բռնության ենթարկվածներն ի թիվս այլ խնդիրների, գործնականում հաճախ բախվում են ժամանակավոր ֆինանսական աջակցություն ստանալու կայուն աղբյուրի բացակայությանը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր նյութական աջակցություն ցուցաբերելու, այդ նպատակով հաշվեհամար բացելու և դրա տնօրիման հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ»,-կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրներն է ներկայացվում որոշման նախագծում:

Այդ ամենից ելնելով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրել նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով՝ այն է՝ 165.000 դրամը: Գումարը նախատեսվում է տրամադրել ՀՀ պետբյուջեի միջոցներից, ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցներից:

Աջակցությունը տրամադրվելու է կենսապահովման նվազագույն կարիքները հոգալու՝ բուժումը կամ առողջության վերականգնումը կազմակերպելու նպատակով մասնակի փոխհատուցման համար, ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով մինչև վեց ամիս ժամկետով բնակելի տարածքի վարձակալության գումարի փոխհատուցման համար, ինչպես նաև աշխատանքի տեղավորման նպատակով վերապատրաստման դասընթացների վարձավճարի փոխհատուցման համար:

Ֆինանսական աջակցություն ստանալու համար ընտանիքում բռնության ենթարկված անձը (այսուհետ` դիմող) քարտուղարություն է ներկայացնում.

1) գրավոր դիմում, որում պետք է նշվեն՝

ա. դիմողի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),

բ. դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեն (դրա առկայության դեպքում) և (կամ) հետադարձ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տվյալները,

2)դիմողի անձնագիրը կամ նույնականացման քարտը (նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը).

3) ընտանիքում բռնությունից տուժած անձ հանդիսանալու հանգամանքը հավաստող փաստաթղթերը:

Լիազոր մարմինը մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող հունվարի 30-ը համապատասխան ոլորտը համակարգող փոխվարչապետին է ներկայացնելու տեղեկատվություն հաշվեհամարի տնօրինման վերաբերյալ:

«Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում բաց է կարծքի-առաջարկների համար մինչև ապրիլի 3-ը:

Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Лента

Рекомендуем посмотреть