Մուտքի վիզաների հետ կապված խարդախության գործով մեղադրվող հաղորդավարուհի Դինա Ակոպովնան հետախուզվում է - RadioVan.fm

Онлайн

Մուտքի վիզաների հետ կապված խարդախության գործով մեղադրվող հաղորդավարուհի Դինա Ակոպովնան հետախուզվում է

2018-03-01 18:50 , Право, 2915

Մուտքի վիզաների հետ կապված խարդախության գործով մեղադրվող հաղորդավարուհի Դինա Ակոպովնան հետախուզվում է

ԱՄՆ մուտքի վիզաների հետ կապված խարդախության գործի վերաբերյալ ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարություն է տարածել:

Հիշեցնենք՝ ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին և ՀՀ քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին, նույն ինքը՝ Դինա Ակոպովնային և Հրաչյա Աթոյանին վերջերս մեղադրանք առաջադրվեց ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար: Նրանք մեղադրվում են հանցավոր համաձայնության, մուտքի վիզաների հետ կապված խարդախության, փողերի լվացման, ծանրացուցիչ հանգամանքներով զուգորդված անձնական տվյալների գողության և արտասահմանցիներին անօրինականորեն ԱՄՆ տանելու համար:

«…Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Բոյաջյանի, Ակոպովնայի և Աթոյանի հանցավոր գործունեության թիրախը եղել են P-3 տեսակի մուտքի վիզաները, որոնք տրվում են բացառիկ մշակութային գործիչներին: Սա վիզայի այն տեսակն է, որը սովորաբար ստանում են հայ արվեստագետները, մշակութային գործիչները, երաժիշտներն ու կատարողները, ովքեր ԱՄՆ են մեկնում ամերիկյան ժողովրդին ներկայացնելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության կարևոր կողմերը: Ցավոք, նմանատիպ դեպքերը ստիպում են, որպեսզի հայ-ամերիկյան մշակութային փոխանակման հնարավորություններից յուրաքանչյուրը մանրակրկիտ քննության առնվի:

Մուտքի վիզաների հետ կապված խարդախության այս սխեմայի ներքո կազմակերպիչները պահանջել ու ստացել են կեղծ տեղեկանքներ, պատրաստել բեմադրված լուսանկարներ, որտեղ դիմողները հայկական պարի տարազով են, և հրահանգավորել են դիմողներին հարցազրույցի ժամանակ կեղծ տեղեկություններ հայտնել: Մուտքի վիզայի հարցազրույցի ժամանակ որակավորումների մասին կեղծ տեղեկանքներ ներկայացնելը թույլ չի տալիս Պետքարտուղարությանը իրապես գնահատել դիմողի որակավորումները, և դա հնարավորություն է ստեղծում, որ հանցավոր տարրերը, փախուստի մեջ գտնվող անձինք ու ահաբեկիչները կարողանան միջազգայնորեն ճանապարհորդել՝ վտանգելով հասարակական անվտանգությունը Միացյալ Նահանգներում և այլ երկրներում: Բացի այդ, փաստական տվյալների սխալ ու խեղաթյուրված ներկայացումը մուտքի վիզայի հարցազրույցի ընթացքում կարող է դիմողին մշտապես զրկել ԱՄՆ մուտքի վիզա ստանալու հնարավորությունից:

Վիզաների հետ կապված խարդախությունների դեմ պայքարի մեր ջանքերը շարունակվում են: Մեր հյուպատոսական պաշտոնյաները քննության կառնեն վիզայի դիմումները՝ ԱՄՆ ներգաղթային օրենքների ու կանոնակարգերի լիարժեք ապահովմամբ` ձգտելով մի կողմից աջակցել օրինական ուղևորություններին և մյուս կողմից` պաշտպանել ԱՄՆ ազգային անվտանգությունը: Միաժամանակ, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտն ու Դիվանագիտական անվտանգության ծառայությունն ամեն ինչ կանեն պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր շահարկում են ԱՄՆ վիզաների համակարգը շահ ստանալու նպատակով»,-ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարությունում՝ միաժամանակ նշվելով, որ ձերբակալությունից հետո Բոյաջյանը և Աթոյանը պատշաճ դատավարական ընթացակարգերից հետո կկանգնեն ամերիկյան դատարանի առաջ, իսկ Ակոպովնան դեռևս հետախուզման մեջ է գտնվում ԱՄՆ արդարադատության համակարգի կողմից:

«Երևանում ԱՄՆ դեսպանատունը կաջակցի նրան պատասխանատվության ենթարկելուն ուղղված ջանքերին»,-հավելում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

Գործով քննությունը դեռ ընթացքի մեջ է:

Лента

Рекомендуем посмотреть