Լապշինը՝ հայ զինվորի պատկերով վերնաշապիկով - RadioVan.fm

Онлайн

Լապշինը՝ հայ զինվորի պատկերով վերնաշապիկով

2018-02-28 13:29 , Общество, 1378

Լապշինը՝ հայ զինվորի պատկերով վերնաշապիկով

Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտվել էր, սակայն ավելի ուշ ազատություն ստացել, ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ լուսանկար է հրապարակել. լուսանկարում հենց ինքը՝ բլոգերն է՝ հայ զինվորի պատկերով վերնաշապիկը հագին:

«Ընկերներ, ի՞նչ կասեք իմ նոր վերնաշապիկի մասին: Այն շատ յուրահատուկ է: Ի՞նչ եք կարծում, որ երկրի զինվորն է պատկերված: Միանգամից ասեմ` նկարում ես չեմ. իսրայելական բանակում ես «Կալաշնիկով» չեմ ունեցել»,-իր ընթերցողներին է դիմում Լապշինը՝ հրապարակելով նաև լուսանկարի բնօրինակը, որից էլ հայ զինվորի պատկերը դաջվել է բլոգերի վերնաշապիկին:

Մինչ այլազգիները փորձում են կռահել, թե որ երկրի զինվորն է պատկերված՝ տալով սխալ պատասխաններ, հայ օգտատերերը ճանաչում ու շնորհակալություն են հայտնում Լապշինին։

Նկարը՝ տեղադրման 10 ժամվա ընթացքում, արդեն հարյուրավոր հավանումներ, կիսումներ ու մեկնաբանություններ ունի։

Նշենք, որ լուսանկարի հեղինակը լուսանկարիչ Վարդան Պետրոսյանն է: Հայ օգտատերերի շրջանում «Ժպտացող զինվորը» անվանումը ստացած լուսանկարն արվել է 2016-ի քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլին:

Հիշեցնենք, Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող 40-ամյա բլոգերին, ով հայտնի է զբոսաշրջային այցերով և դրանց մասին իր գրառումներով, ադրբեջանական իշխանությունների պահանջով ձերբակալեցին 2016թ. դեկտեմբերի 15-ին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա հանձնեցին Բաքվին: Պատճառն այն է, որ Արցախ այցելելուց հետո նրան արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ Լապշինը կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով: 2017-ի հուլիսի 20-ին ադրբեջանական դատարանի որոշմամբ նա դատապարտվեց երեք տարվա ազատազրկման՝ մեղադրվելով Ադրբեջանի պետական սահմանը ապօրինաբար հատելու մեջ: Նույն թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած կարգադրությամբ բլոգերին ներում շնորհվեց:

Лента

Рекомендуем посмотреть