ՀՀ-ում տարեկան ախտորոշվում է մանկական սուր լեյկոզի 35-40 նոր դեպք - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում տարեկան ախտորոշվում է մանկական սուր լեյկոզի 35-40 նոր դեպք

2018-02-15 14:36 , Общество, 1923

ՀՀ-ում տարեկան ախտորոշվում է մանկական սուր լեյկոզի 35-40 նոր դեպք

Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Այն նշվում է 2002 թվականից ի վեր՝ Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների միջազգային կոնֆեդերացիայի առաջարկով: Նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, բարձրացնել մանկական քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը և աջակցություն ցուցաբերել հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին:

«Կանխարգելիչ բուժում և փոխակերպում խնամքի»՝ Մանկական քաղցկեղի դեմ պայքարի այս տարվա կարգախոսն է, որն ընդգծում է անհավասարությունները և բուժման անհասանելիությունը փոքր ու միջին եկամուտ ունեցող երկրների մեծ մասում, որտեղ երեխաների 80%-ին բուժումն անհասանելի է: Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Արևելյան ու Հարավային Եվրոպայի երկրների մեծ մասում երեխաներին ու դեռահասներին հասանելի չի քաղցկեղի բուժումը, ներառյալ հիմնական դեղամիջոցներն ու մասնագիտացված խնամքը:

«Մանկական քաղցկեղի ահագնացող ցուցանիշները վկայում են այն մասին, որ մոտ ապագայում այս հիվանդությունը կարող է դառնալ մանկական մահացության առաջատար պատճառը»,-նշում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ տեղեկացնելով, որ Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալության (IACR) տվյալների համաձայն` 2015 թվականին աշխարհում արձանագրվել է առաջնակի հայտնաբերված չարորակ նորագոյացությունների 300 000 դեպք:

Համալիր բուժման ժամանակակից մեթոդների շնորհիվ տնտեսապես զարգացած երկրներում քաղցկեղով հիվանդ երեխաների ապրելիությունը կազմում է 84%: Մանկական ուռուցքաբանների և միջազգային կազմակերպությունների խնդիրն է` բուժման նորագույն մեթոդները հասանելի դարձնել բոլոր երեխաների համար:

Սուր լեյկոզը՝ մանկական քաղցկեղի առավել հաճախ հանդիպող չարորակ հիվանդությունը, կազմում է մանկական բոլոր քաղցկեղների 40%-ը: Մանկական արյան չարորակ հիվանդությունների ախտորոշումը, բուժումը և հետագա հսկողությունը 90% իրականացվում է ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում», որտեղ տարեկան ախտորոշվում է մանկական սուր լեյկոզի 35-40 նոր դեպք: Կենտրոնում արյան չարորակ հիվանդությունների ախտորոշման և իրականացվող բուժման արդյունավետության գնահատման համար ներդրվել են ժամանակակից մեթոդներ, իսկ բուժումն իրականացվում է գերմանական BFM ծրագրով, որի շնորհիվ սուր լիմֆոբլաստային լեյկոզով տառապող երեխաների մոտ 5 տարի առանց ռեցիդիվի ցուցանիշը կազմում է 80%:

Հիվանդների դեղապահովումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով գնված, հումանիտար օգնությամբ ստացված և Արյունաբանական կենտրոնի միջոցներով:

Իսկ ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունեցող երեխաներն արդեն ստիպված չեն լինի նախկինի պես մեկնելու արտերկիր՝ իրենց փրկությունն այնտեղ որոնելու նպատակով. այդ մեթոդով բուժումն արդեն հասանելի է նաև Հայաստանում:Արյունաբանական կենտրոնում հիմնվել է ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք` համալրված լավագույն սարքավորումներով և վերապատրաստում անցած մասնագետներով: Բաժանմունքում արդեն իրականացվել է ոսկրածուծի 4 աուտոփոխպատվաստում:

Лента

Рекомендуем посмотреть