Տաբատի վերաբերյալ արված դիտողությունը՝ 25-ամյա երիտասարդի սպանության պատճառ - RadioVan.fm

Онлайн

Տաբատի վերաբերյալ արված դիտողությունը՝ 25-ամյա երիտասարդի սպանության պատճառ

2018-01-30 19:07 , Право, 2019

Տաբատի վերաբերյալ արված դիտողությունը՝ 25-ամյա երիտասարդի սպանության պատճառ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է հարսանյաց հանդեսից հետո 25-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 21-ամյա երիտասարդի:

«2017 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 01:20-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ կրծքավանդակի առաջային պատի կտրած-ծակած վերք մարմնական վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ Ստեփան Մինասյանը՝ ծնված 1992թ., որտեղ մահացել է՝ առանց գիտակցության գալու»,-հաղոդում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1996թ.:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ տուժողը, 21-ամյա երիտասարդը և մի շարք այլ անձինք 2017թ. սեպտեմբերի 3-ին մասնակցել են հարսանյաց հանդեսի։ Սրահի բակում տոնակատարության մասնակիցներից մեկը դիտողություն է արել 21-ամյա երիտասարդին՝ տաբատի վերաբերյալ, ինչն առաջացրել է վերջինիս դժգոհությունը: Խնջույքի ավարտից հետո՝ ժամը 00:00-ի սահմաններում, 1996թ. ծնված երիտասարդը ռեստորանի բակում վերհիշել է իրեն արված դիտողության մասին, ինչի հետևանքով առաջացած վիճաբանության ժամանակ դանակով մեկ անգամ հարվածել է Ս.Մինասյանի մորեղբորը՝ Ե.Հայրապետյանին՝ պատճառելով առողջությանը թեթև վնաս ու դիմել փախուստի։ Նկատելով կատարվածը՝ Ս.Մինասյանը և ևս մի քանի այլ անձ վազել են 21-ամյա երիտասարդի հետևից, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ գտնվող դանակով հարվածել է Ս.Մինասյանի կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть