«Խոսք պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս: Ապագա նախագահը պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել»,-սա նախագահ Սերժ Սարգսյանի պատկերացումներն է Հայաստանի Հանրապետության ապագա նախագահի վերաբերյալ, որի մասին նա բարձրաձայնել է նախօրեին՝ նախագահական նստավայրում թեյի սեղանի շուրջ մի խումբ մտավորականների հետ հանդիպմանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվելու են 2018թ. ապրիլի 9-ին: Նոր Սահմանադրությամբ ՀՀ Ազգային ժողովը մինչ այդ պետք է հանրապետության նոր նախագահ ընտրի: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փոխանցմամբ՝ դա խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, կանի մարտի 2-ին: