Արցախ այցելած բլոգերը Բաքվում դատապարտվեց 3 տարվա ազատազրկման - RadioVan.fm

Онлайн

Արցախ այցելած բլոգերը Բաքվում դատապարտվեց 3 տարվա ազատազրկման

2017-07-20 14:34 , Мир, 1171

Արցախ այցելած բլոգերը Բաքվում դատապարտվեց 3 տարվա ազատազրկման

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը, որը հունիսի 22-ից քննում էր բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը, այսօր երեք տարվա ազատազրկման է դատապարտել նրան՝ Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու և Արցախ այցելելու համար:

Նա պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում:

Բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը РИА Новости-ի հետ զրույցում դատարանի վճիռը գնահատել է «ավելի քան լավը»՝ նշելով, որ քայլեր կձեռնարկեն այն ուղղությամբ, որ Լապշինը պատիժը կրի Իսրայելում, Ռուսաստանում կամ Ուկրաինայում, քանի որ նա այդ երկրների քաղաքացի է:

Մեղադրող կողմը, նշենք, 6․5 տարվա ազատազրկում էր պահանջել Լապշինի համար՝ նշելով, որ բլոգերը երկու անգամ այցելել է Արցախ՝ ապօրինաբար հատելով Ադրբեջանի պետական սահմանը և Արցախը իր գրառումներում ներկայացրել է որպես «անկախ պետություն»՝ դրանով իսկ հանդես գալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ:

Ինքը՝ Լապշինը, իրեն մեղավոր չճանաչելով հայտարարել էր. «Ես Արցախ այցելել եմ որպես զբոսաշրջիկ, իմ հրապարակումներում կիսվել եմ տպավորություններով, իսկ Արցախում պաշտոնատար անձանց հետ կապ չեմ ունեցել»: Մեղադրյալը հայտարարել էր նաև, որ այցից առաջ չի հետաքրքրվել տարածաշրջանի պատմությամբ և չի փորձել թույլտվություն ստանալ Ադրբեջանի իշխանություններից, իսկ Լեռնային Ղարաբաղն անվանել է «անկախ» ոչ թե որպես պետություն, այլ որպես՝ աշխարհագրական տարածք:

40-ամյա բլոգերը, ով հայտնի է զբոսաշրջային այցերով և դրանց մասին իր գրառումներով, 2011 և 2012 թվականներին այցելել էր Արցախի Հանրապետություն՝ սոցիալական ցանցերում կոչ անելով ճանաչել Ստեփանակերտի անկախությունը:

Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող Լապշինը ադրբեջանական իշխանությունների պահանջով ձերբակալվել էր 2016թ. դեկտեմբերի 15-ին, Մինսկում: Ձերբակալությունից շուրջ մեկ ամիս անց Բելառուսի իշխանությունները նրան արտահանձնեցին Ադրբեջան: Նրա արտահանձնման դեմ հանդես եկան ՌԴ-ի և Իսրայելի արտաքին գործերի նախարարությունները, սակայն պաշտոնական Մինսկը դրանց ընդառաջ չգնաց:

Лента

Рекомендуем посмотреть