SMS հաղորդագրությամբ «կարմիր գծերից» գանձվող գումարի թանկացման դեմ լուծումը գտնվել է. քաղաքապետարան - RadioVan.fm

Онлайн

SMS հաղորդագրությամբ «կարմիր գծերից» գանձվող գումարի թանկացման դեմ լուծումը գտնվել է. քաղաքապետարան

2017-07-19 16:57 , Общество, 2095

SMS հաղորդագրությամբ «կարմիր գծերից» գանձվող գումարի թանկացման դեմ լուծումը գտնվել է. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ գտնվել է SMS հաղորդագրությամբ «կարմիր գծերից» գանձվող գումարի թանկացման դեմ լուծումը:

Հիշեցնենք, «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունը ս.թ. հուլիսի 7-ին վարորդներին իրազեկել էր, որ օգոստոսի 1-ից կարմիր գծերով առանձնացված հատվածներում մեքենաներ կայանող վարորդները, ովքեր մուծումը կկատարեն SMS հաղորդագրության միջոցով, մեկ ժամի համար 100-ի փոխարեն կվճարեն 149 դրամ, որից 100 դրամը ավտոկայանատեղի վճար, 24.8 դրամը օպերատորի միջնորդավճար և 24.2 դրամը՝ ԱԱՀ, մեկ օրվա համար՝ 748 դրամ գումար, որից 500 դրամը ավտոկայանատեղի վճար, 124.6 դրամը միջնորդավճար և 123.4 դրամը՝ ԱԱՀ: Կայանատեղիների համար վճարն առանց միջնորդավճարի կատարելու համար ընկերությունն առաջարկում էր օգտվել հարակից տարածքներում տեղադրված տերմինալներից:

Այս իրազեկում-հայտարարությունն առաջ բերեց բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը: Երևանի ավագանու «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ կարմիր գծերի ավտոկայանատեղիների SMS հաղորդագրության միջոցով վճարի թանկացումը չեղարկելու պահանջով դիմեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Երևանի քաղաքապետարանն, ահա, հայտարարում է՝

«Համատեղ աշխատանքների արդյունքում ուրախ ենք արձանագրել, որ կողմերի պատրաստակամության շնորհիվ հնարավոր եղավ արդյունավետ լուծում գտնել։ Ստեղծվեց հատուկ ձևաչափ, որը թույլ է տալիս պահպանել ավտոկայանատեղի վճարի համար SMS հաղորդագրության գանձման տեսակը և ս. թ. օգոստոսի 1-ից վճարել այն առանց միջնորդավճարի ու ԱԱՀ-ի՝ սահմանելով բացառապես SMS ծառայության համար 2 (երկու) ՀՀ դրամ արտոնյալ վճար։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ SMS հաղորդագրությունների միջոցով գումարի գանձման ձևաչափն ի սկզբանե նախատեսվել էր որպես ժամանակավոր լուծում, սակայն այն հասցրել էր հարմարավետ գործիք դառնալ, և գործընթացում ներգրավված կողմերն իրենց առջև խնդիր էին դրել պահպանել այդ հարմարավետությունը»,- հայտնում է քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ՝ փաստելով, որ համայնք-մասնավոր համագործակցությունը շարունակում է դրական փոփոխություններ արձանագրել։

Лента

Рекомендуем посмотреть