Աջ ղեկով մեքենաների ներկրումն ապրիլի 1-ից կարող է արգելվել - RadioVan.fm

Онлайн

Աջ ղեկով մեքենաների ներկրումն ապրիլի 1-ից կարող է արգելվել

2017-12-16 17:57 , Общество, 1781

Աջ ղեկով մեքենաների ներկրումն ապրիլի 1-ից կարող է արգելվել

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլագիաների նախարարությունը փորձում է հասնել նրան, որ 2018 թվականի ապրիլի 1-ից արգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան:

Նախարարությունն արդեն մշակել է համապատասխան նախագիծ, որը բաց է քննարկումների և առաջարկների համար: Բայց, միևնույն է, աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայատան կարգելվի: Քաղաքական որոշումն արդեն կա:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ մեր երկրում ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն: Նախարարությունում կարծում են, որ աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը Հայաստանում երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում:

Առաջին փուլով՝ աջ ղեկով մեքենաների ներմուծումը կարգելվի, իսկ հետագայում՝ նաև շահագործումը Հայաստանում: Նախագծով առաջարկվում է թույլատրել մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը․ իսկ սա նշանակում է, որ որոշումն ընդունելուց հետո աջ ղեկով ավտոմեքենաները չեն կարող վաճառել: Ի դեպ, Հայաստանը գնում է Ղազախստանի և Բելառուսի ճանապարհով: Մաքսային միության հանձնաժողովը 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 877 որոշման համաձայն` աջ ղեկով ավտոմեքենաների շահագործումն արգելվում է Ղազախստան և Բելառուսում: Հայաստանը նույնպես կմիանա այս երկրներին:

Կառավարությունը բավականին լուրջ ու համարձակ քայլի է գնում, որից, ի դեպ, ներկրողները, վարորդներն են տուժելու: Եվ ոչ էլ վթարների թիվն է նվազելու: Բանն այն է, որ վերլուծություն կամ վիճակագրութուն չկա, թե վթարներում որ տրանսպորտային միջոցներն են ավելի շատ մեղավոր՝ ձա՞խ, թե աջ ղեկով ավտոմեքենաները: Ավելին, աջ ղեկով տրանսպորտային միջոցների վարորդները բավականին զգույշ են երթևեկության մեջ:

Աջ ղեկով ավտոմեքենաները՝ նույն մոդելի, նույն տարեթվի դեպքում, մոտ 1500-2000 ԱՄՆ դոլարով էժան են, քան ձախակողմյանները: Խոսքը միջին գնի ավտոմեքենաների մասին է: Հենց դրանով է պայմանավորված, որ ներկրվող տրանսպորտային միջոցների մեջ վաղուց մեծ թիվ են կազմում աջակողմյանները:

ԱՄՆ-ից և Ճապոնիայից, առանց միջնորդական մեծ վճարների, օնլայն տարբերակով գնում են էժան մեքենաներ, որոնց մաքսազերծումն առանց այն էլ կարող է որոշ դեպքերում ձեռք բերելու գնին համարժեք լինել: Այս որոշումից հետո հայ վարորդները զրկվում են էկոնոմ գներով հարմարավետ մեքենաներ ձեռք բերելու այս մի հնարավորությունից ևս:

Лента

Рекомендуем посмотреть