Онлайн

Չարենցը, Սարյանը, Թումանյանն ու այլք կզիջեն իրենց տեղերը. թղթադրամները նոր դեմքեր են ունենալու

2017-07-13 18:13 , Общество, 518

Չարենցը, Սարյանը, Թումանյանն ու այլք կզիջեն իրենց տեղերը. թղթադրամները նոր դեմքեր են ունենալու

Հայաստանում Դրամի ներդրման 25-ամյակի առիթով 2018 թվականից հանրապետությունում կներդրվեն նոր՝ 3-րդ սերնդի դրամները: Շրջանառվող երկրորդ սերնդի թղթադրամներն աստիճանաբար իրենց տեղը կզիջեն նոր թղթադրամներին՝ սահուն կերպով դուրս բերվելով շրջանառությունից:

Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն՝ չեն թողարկվի 100 հազար անվանական արժեքով երրորդ սերնդի թղթադրամներ` հաշվի առնելով Հայաստանում անկանխիկ հաշվարկների ծավալների աճը և անվանական խոշոր արժեքի թղթադրամների դուրս մղման մասին վկայող միջազգային փորձը:

100 հազար անվանական արժեքի թղթադրամները կմնան շրջանառության մեջ այնքան, մինչև որ մաշվածության պատճառով դուրս բերվեն: Փոխարենը կթողարկվեն նոր՝ երկու հազար դրամանոց անվանական արժեքով թղթադրամներ:

Այդպիսով, ըստ Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետությունում շրջանառվելու են 3-րդ սերնդի հետևյալ թղթադրամները՝ ստորև ներկայացված թեմաներով.

Անվանական արժեք - Թեմա

1 000 դրամ - Պարույր Սևակ (ներկայում դիմերեսին Եղիշե Չարենցի պատկերն է)

2 000 դրամ - Տիգրան Պետրոսյան

5 000 դրամ - Վիլյամ Սարոյան (նեկայում դիմերեսին Հովհաննես Թումանյանն է)

10 000 դրամ - Կոմիտաս (ներկայում դիմերեսին Ավետիք Իսահակյանն է)

20 000 դրամ - Հովհաննես Այվազովսկի (ներկայում դիմերեսին Մարտիրոս Սարյանն է)

50 000 դրամ - Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (ներկայում դիմերեսին Ս. Էջմիածնի Մայր Տաճարն է)

ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների էսքիզների որոշման նպատակով կենտրոնական բանկի կողմից հայտարարվելու է բաց մրցույթ: Գեղարվեստական մրցույթի պահանջները և վերջինիս անցկացման կարգը հասանելի կլինի ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում։

ՀՀ գլխավոր դրամատնից հիշեցնում են նաև, որ սույն թվականի հունիսի 27-ին ԿԲ խորհրդի նիստում որոշվել էր հաստատել ՀՀ 3-րդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների տեխնիկական բնութագիրն ու պաշտպանական հատկանիշները: Կոմպոզիտային թղթադրամները մշակվելու են հատուկ ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխան, հաշվի առնելով երկու կարևորագույն հանգամանք. 1) նոր թղթադրամներն ունենալու են պաշտպանվածության բարձր հատկանիշներ, և 2) լինելու են ավելի երկարակյաց ու դիմացկուն, ինչը ենթադրում է դրամաշրջանառության ծախսերի էական կրճատում:

Рекомендуем посмотреть