Գերմանիայի դաշնային կառավարությունը նոր քայլեր է ձեռնարկում մոտիվացնելու այն միգրանտների վերադարձը հայրենիք, որոնց ապաստան ստանալու դիմումները մերժվել են:
Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ Կամավոր հայրենիք վերադարձողներին օգնելու ծրագիրը Գերմանիայում գործում է այս տարվա փետրվարից։ Ծրագրով նախատեսվում է հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած 12 տարեկանից բարձր յուրաքանչյուր միգրանտի տրամադրել 1200 եվրո, և 600 եվրո՝ յուրաքանչյուր երեխայի համար։
Ծրագրում կատարված նոր լրացումների համաձայն՝ այն միգրանտները, ովքեր Գերմանիայից հեռանալու իրենց որոշման մասին կհայտնեն տեղի իշխանություններին մինչև 2018 թվականի փետրվարի վերջը, մինչեւ 3 հազար եվրո լրացուցիչ գումար կստանան։ Այսպիսով, երեք հոգուց բաղկացած ընտանիքը 3000 եվրոյի փոխարեն կստանա 6000 եվրո։ Միայնակ միգրանտի դեպքում կվճարվի 1000 եվրո։
Նշվում է նաև, որ 2017 թվականի փետրվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում կամավոր հայրենիք վերադառնալու ցանկություն է հայտնել 8639 միգրանտ։ Եվս 19520 միգրանտ արտաքսվել է Գերմանիայից։ Ներկայումս երկրում ապրում է ապաստանի խնդրանքը մերժված 115 հազար փախստական։