Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կդիտարկի 172 դիտորդ ԱՊՀ 8 երկրներից: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը:
«Դիտորդների թվում կան խորհրդարանականներ, դիվանագետներ, ԿԸՀ անդամներ: Նրանք կլինեն Հայաստանի բոլոր մարզերում ու կիրականացնեն օբյեկտիվ դիտարկում, որը հիմնված է երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա»,-նշել է Լեբեդևը:
Նրա խոսքով` դիտորդական առաքելությանն ԱՊՀ երկրներից չեն մասնակցում Ադրբեջանը և Ուկրաինան, որը տևական ժամանակ է, առհասարակ, հրաժարվել է մասնակցել ԱՊՀ դիտորդական առաքելություններին:
Սերգեյ Լեբեդևի դիտարկմամբ՝ ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններն առանձնահատուկ են, քանի որ անցկացվելու են նոր Ընտրական օրենսգրքով և բավականին հագեցած են լինելու տեխնիկական միջոցներով.
«Նման նորարարարություններ` հատկապես տեխնիկական միջոցների կիրառման առումով, չկա դեռևս ԱՊՀ ոչ մի երկրում»,-ասել է դիտորդական առաքելության ղեկավարը` հույս հայտնելով, որ տեխնիկական միջոցները չեն խանգարի ընտրական գործընթացին: