Նախարարության խոստման համաձայն՝ պապիլոմավիրուսի դեմ առաջինը պատվաստվել են բժիշկների դուստրերը - RadioVan.fm

Онлайн

Նախարարության խոստման համաձայն՝ պապիլոմավիրուսի դեմ առաջինը պատվաստվել են բժիշկների դուստրերը  

2017-11-27 19:56 , Медицина, здоровье, 3340

Նախարարության խոստման համաձայն՝ պապիլոմավիրուսի դեմ առաջինը պատվաստվել են բժիշկների դուստրերը

Թեև պատվաստումների ազգային օրացույցում պապիլոմավիրուսի դեմ ներդրված պատվաստումների մեկնարկը պետք է տրվի դեկտեմբերի 11-ից, այդումենայնիվ, նախօրեին Հայաստանում կատարվել են արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելող առաջին պատվաստումները։ Առաջին պատվաստվողները, ինչպեսև ավելի վաղ հայտարարել էր ՀՀ առղջապահության նախարար Լևոն Ալթունյանը, նախարարության ղեկավար անձնակազմի և բուժաշխատողների աղջիկներն են եղել: Պատվաստումը՝ «անակնկալ» խորագրով, մաս է կազմել լրագրողների համար կազմակերպված Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ արտագնա սեմինարի օրակարգի:

Առաջին պատվաստվողների թվում են եղել «Վարդանանց» բժշկական կենտրոնի մանկաբուժության ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանի երկու դուստրերը, Արաբկիր բժշկական կենտրոնի նյարաբանական ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանի, ՀՀ ԱՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի բժշկուհի Ալմաստ Հարոյանի և ՀՀ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի աղջիկները:

Աղջիկները պատվաստվել են հյուրանոցի կոնֆերանս դահլիճում, և հարցին, թե արդյո՞ք օրինաչափ է պոլիկլինիկայից դուրս դրա իրականացումը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի մանկաբույժ Մարինե Կիրակոսյանը պատասխանել է, որ դա բնական երևույթ է և ընդունված։ «Որոշ դեպքերում, ըստ անհրաժեշտության, եթե պետք է պատվաստում կատարել կենտրոնացված մի հատվածում, մեր բժիշկներն ունեն սառնարանային պայուսակ, որում պահպանվում է պատվաստանյութը, իրենց հետ տանում են և պատվաստում են։ Դա արտագնա սեսիայի մաս է, որը կարող է իրականացվել նաև գյուղական հատվածներում»,- նշել է մասնագետը։

Ի դեպ՝ ծնողները դեմ չեն եղել իրենց դուստրերի պատվաստման ընթացքի տեսանկարահանմանն ու լուսաբանմանը.

Նշենք, որ պապիլոմավիրուսի դեմ պատվաստումները մեկնարկելու են դեկտեմբերի 11-ից: Կպատվաստվեն 2004-ի հուլիսից հետո ծնված 13 տարեկան աղջիկները, որոնց թիվը կազմում է շուրջ 16 հազար։ Երեխաները «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութով պատվաստվելու են երկու դեղաչափ՝ վեց ամիս ինտերվալով։ Պատվաստում իրականացվելու է կամավորության սկզբունքով, անվճար, սակայն ոչ թե դպրոցներում, այլ՝ տեղամասային պոլիկլինիկաներում։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть