Ճանապարհային ոստիկանության տեսուչների արած տեսաձայնագրություններն այլևս չեն հրապարակվի - RadioVan.fm

Онлайн

Ճանապարհային ոստիկանության տեսուչների արած տեսաձայնագրություններն այլևս չեն հրապարակվի

2017-11-21 13:49 , Общество, 1492

Ճանապարհային ոստիկանության տեսուչների արած տեսաձայնագրություններն այլևս չեն հրապարակվի

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» 2017թ. սեպտեմբերի 7-ին դիմում էր հղել ՀՀ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը՝ խնդրելով պարզել ՀՀ Ոստիկանության գործողությունների իրավաչափությունը՝ կապված ասմունքող Լիանա Զուրաբյանի անձնական տվյալները պարունակող աղմկահարույց տեսանյութի հրապարակման հետ, և իրականացնել օրենքով սահմանված վարչարարություն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի այդօրինակ խախտումները կանխելու ուղղությամբ:

«2017թ. սեպտեմբերի 5-ին ոստիկանությունը Youtube կայքի «POLICE RA Vostikanutyun» ալիքում հրապարակել էր «Լիանա Զուրաբյան» վերնագրով տեսանյութ, որը ձեռք էր բերվել Ճանապարհային ոստիկանության տեսուչների համազգեստի վրա առկա անհատական տեսախցիկների միջոցով»,-հիշեցնում են «Իրազեկ քաղաքացիների միավորումից»՝ նկատելով, որ այդպիսով ոստիկանությունը ձեռք բերելու, պահպանելու, օգտագործելու և տարածելու միջոցով մշակել էր Լիանա Զուրաբյանին և նրա դստերը վերաբերող անձնական տվյալներ:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» գրության առիթով Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն օրերս որոշում է կայացրել, որով արձանագրում է, որ Ճանապարհային ոստիկանության տեսուչների անհատական տեսախցիկներով տեսաձայնագրում իրականացնելը օրինական է, սակայն տեսաձայնագրությունները հրապարակելը հակասում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին:

«Արդ, ոստիկանությունը այլևս չի կարող հրապարակել կամ այլ անձանց փոխանցել Ճանապարհային ոստիկանության տեսուչների անհատական տեսախցիկներով նկարահանված տեսանյութերը»,-ասվում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» տարածած հաղորդագրությունում՝ տեղեկացնելով նաև, որ վերոնշյալ տեսանյութը արդեն հեռացված է ՀՀ Ոստիկանության յութուբյան ալիքից:

Лента

Рекомендуем посмотреть