Խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին. նրանք ելույթ են ունեցել ԱԺ ամբիոնից - RadioVan.fm

Онлайн

Խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին. նրանք ելույթ են ունեցել ԱԺ ամբիոնից

2017-11-20 19:22 , Общество, 1839

Խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին. նրանք ելույթ են ունեցել ԱԺ ամբիոնից

Այսօր Երեխաների համաշխարհային օրն է, այն նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Նշված կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 25 տարի առաջ, այսօր էլ Ազգային ժողովը միանալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին տրամադրելու համաշխարհային նախաձեռնությանը՝ հատուկ նիստ է հրավիրել՝ պաշտոնական խոսափողը տրամադրելով երեխաներին:

Երեխաներն ԱԺ ամբիոնից իրենց ելույթներում հնչեցրել են իրենց պատկերացումները երեխայի՝ ընտանիքում ապրելու կարևորության, մանուկների՝ վաղ տարիքից զարգացման, պատշաճ սնուցման, հաշմանդանության խնդիրների շուրջ: Նրանք նաև հակադարձել են մեծերի պատկերացումներին առ այն, որ ծեծը դաստիրակության լավագույն միջոց է:

«Ես 40 տարվա մանկավարժ չեմ, սակայն մի պարզ ճշմարտություն գիտեմ, որ մենք՝ երեխաներս, առանց ծեծի էլ շատ բան լավ հասկանում ենք: Նրանք, որոնք կարծում են, թե երեխային ծեծով դաստիարակելը արդյունավետ միջոց է, ապա խայտառակ սխալվում են: Ես նաեւ մի շարք այլ հետազոտություններ եմ ուսումնասիրել ու պարզել, որ այն երեխաները, որոնք բռնության են ենթարկվում, հետագայում դառնում են ագրեսիվ, ձեռք են բերում հոգեբանական ու ֆիզիկական մի շարք խնդիրներ: Այն վատ է անդրադառնում ծնողի ու երեխայի հետագա հարաբերությունների վրա ու վատ է անդրադառնում նրա զարգացման վրա»,-իր ելույթում ասել է Արմավիրի մարզի Մ. Խորենացու անվան թիվ 10 դպրոցի աշակերտ, 16-ամյա Ռուբեն Օհանյանը՝ նկատելով, որ մեր ազգային մտածելակերպը շատ մազոխիստական է: «Ի՞նչ է նշանակում՝ բա ծնող է, պետք է մի հատ էլ խփի կամ տղան հայրական ապտակով է տղա դառնում»,-հեգնել է 16-ամյա Ռուբենը:

«Սա օգտակար ու ուսուցողական համաժողով էր: Սա մեզ համախմբող լուրջ երկխոսություն էր ու մեր գործողություններում հնչած բոլոր ելույթները կարտացոլվեն: Մենք՝ մեծահասականերս, ավելի սրտացավ ու ուշադիր պետք է լինենք երեխաների նկատմամբ մեր գործելակերպի մեջ: Մենք իրավունք չունենք անվստահ ու անհավատ լինել ապագայի նկատմամբ, իսկ երեխաները մեր ապագան լինելուց առաջ, մեր ներկա են: Շնորհակալ եմ ձեր մասնակցության համար»,-ԱԺ հատուկ նիստի ամփոփիչ ելույթը եզրափակել է խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը:

Лента

Рекомендуем посмотреть