Վանում հայկական գերեզմանոցի տարածքում կառուցված հասարակական զուգարանն առաջիկայում կապամոնտաժվի: Այս մասին երկրի մեջլիսում հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը՝ պատասխանելով Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի հարցմանն առ այն, թե իշխանություններն ինչ քայլեր են ձեռնարկել տվյալ հարցի առնչությամբ:
Թուրք նախարարը շեշտել է, որ ապամոնտաժման աշխատանքները կիրականացվեն առաջիկա 60 օրվա ընթացքում:
«Համապատասխան որոշումն ընդունված է, մենք հետևողական կլինենք այս թեմայի հարցում»,- ասել է Քուրթուլմուշը:
Հիշեցնենք, ամիսներ առաջ մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանա լճի մոտ տեղական իշխանությունները լողափի այցելուների համար նախատեսված հանդերձարանն ու հանրային զուգարանը կառուցել են հենց հայկական գերեզմանատան տարածքում: Ըստ աղբյուրների՝ շինարարական աշխատանքների հետևանքով քանդված հայկական գերեզմաններում եղած ոսկորները տարածված են եղել լճափին: