«Սա չեմ համարում իմ հաղթանակը որևէ մեկի նկատմամբ, կամ որևէ մեկի պարտությունը»,-այդ մասին Ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում գրել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով երեկ Ազգային ժողովի կողմից ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին՝ ընդգծելով,-«Մենք բոլորս ունենք հայացքներ, կարծիքներ և մոտեցումներ, որոնք կարող են ամենատարբեր արտահայտման ձևերը գտնել: Պարզ է, որ խորհրդարանական մեծամասնություն ունեցող ուժը պետք է ի վիճակի լինի ձևավորել իր կողմից առաջարկվող քաղաքականության իրավական հիմքերը, իսկ ընդդիմախոսները պետք է փորձեն հակակշռել օրենսդիր և գործադիր իշխանություն ունեցող այդ ուժին: Սա է ժողովրդավարության պահանջը»:
Նախարարի խոսքով՝ ուսանողների մի հատվածի ցասումը պարտավորեցնող է իր համար՝ որպես պաշտպանության նախարարի՝ նրանց գործով ապացուցելու, որ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը որակապես նոր մակարդակի են բարձրացնելու թե՛ մեր անվտանգության և պաշտպանության խնդիրների լուծումները, թե՛ բանակ-հասարակություն կապը և թե՛, որն իր և պաշտպանության համակարգի համար ոչ պակաս կարևոր է, գիտության խթանման գործում բանակի շարունակական դերակատարումը:
«Պատիվ ունեմ»,-այս արտահայտությամբ պաշտպանության նախարարը եզրափակել է իր գրառումը՝ որպես հեշթեգ նշելով՝ #տարկետումլինելուա
Նշենք, որ Ազգային ժողովի կողմից նախօրեին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, ի թիվս մի շարք փոփոխությունների՝ սահմանում է նաև տարկետման նոր դրույթ, ըստ որի տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել երեք տարի՝ ՊՆ նախանշած վայրում: Հակառակ պարագայում նրանք, 18 տարին լրանալուն պես, երկու տարով կզորակոչվեն բանակ:
«Տարկետումլինելուա» պաստառներով՝ տարկետման իրավունքի կասեցմանն ընդդիմացող ուսանողները 7 օր շարունակ դասադուլ-բողոքի ակցիաներ անցկացրին, նրանցից 5-ը նաև՝ անժամկետ հացադուլ հայտարարեց: Երեկ՝ նոյեմբերի 15-ին, օրենքի ընդունումից հետո ուսանողներն ու իշխանությունները նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում անցկացնելու շուրջ համաձայնության եկան: Ուսանողները դադարեցրին դասադուլը և հացադուլը: