Արամ Աթեշյանը կարգալույծ է արվել - RadioVan.fm

Онлайн

Արամ Աթեշյանը կարգալույծ է արվել

2017-06-28 20:15 , Общество, 1203

Արամ Աթեշյանը կարգալույծ է արվել

Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդը պաշտոնապես զրկել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից. այս մասին տեղեկանում ենք պատրիարքարանի կայքից:

«Այսու կը ծանուցանենք թէ 28 Յունիս 2017, Չորեքշաբթի, ժամը 10.00ին, Եկեղեցական Ընդհանուր Ժողովը գումարուեցաւ, Պատրիարքարանի դահլիճին մէջ, նախագահութեամբ՝ Պատրիարքական Տեղապահ՝ Բարձր. Տ. Գարեգին Արքեպիսկոպոս Պէքճեանի։

Տեղապահ Սրբազան Հայրը ժողովին տեղեկութիւն փոխանցեց Գերշ. Տ. Արամ Արքեպիսկոպոս Աթէշեանի հետ ունեցած իր հանդիպումին մասին։ Բարձր. Տ. Գարեգին Սրբազան Հայրը, Գերշ. Տ. Արամ Սրբազան Հօր յայտնած էր թէ որպէսզի Պատրիարքական ընտրութիւնները ունենան առողջ գործընթաց եւ կանխուին հաւանական սխալ հասկացողութիւններ, անհրաժեշտ է իր հրաժարականը։ Նաեւ յայտնած էր թէ կայանալիք Եկեղեցական Ընդհանուր Համագումարը պիտի քննարկէ սոյն պարագան եւ որոշում պիտի կայացնէ։ Ուստի Տեղապահ Սրբազան Հայրը, Գերշ. Տ. Արամ Սրբազան Հօր առաջարկած էր ինքնաբերաբար ներկայացնել գրաւոր հրաժարական՝ յանուն համերաշխութեան։ Գերշ. Տ. Արամ Արքեպիսկոպոս յայտնած էր թէ չէ մտադրուած հրաժարական ներկայացնել ու պիտի յարգէ ժողովոյ որոշումները։

Ուստի Եկեղեցական Ընդհանուր Համագումար Ժողովը, կատարուած քուէարկութեամբ 22 դրական, 2 ժխտական եւ 1 ձեռնպահ քուէով վաւերացուց ստորեւի բանաձեւը եւ որոշեց թէ՝ Գերշ. Տ. Արամ Ս. Արքեպիսկոպոս Աթէշեան դադրած է Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդի իր պաշտօնէն եւ ընդհանուր Փոխանորդի վայելած իրաւասութիւններէն եւ պատասխանատուութիւններէն»,-ասված է պատրիարքարանի հրապարակած զեկույցում:

Հիշեցնենք՝ մարտի 15-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքում Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ էր ընտրվել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո սակայն՝ արքեպիսկոպոս Աթեշյանը ներկայացրել էր Ստամբուլի նահանգապետարանից ստացված մի գրություն, համաձայն որի` նոր պատրիարքի ընտրության գործընթացը իրավական տեսանկյունից հնարավոր չէր սկսել, և հրաժարվել էր թողնել պաշտոնը: Ստեղծված իրավիճակի հետևանքով ընտրված տեղապահը չէր կարողացել անցնել իր պարտականությունների կատարմանը: Ճգնաժամային այդ իրավիճակը ստամբուլահայ համայնքում սուր հակասությունների պատճառ էր դարձել:

Лента

Рекомендуем посмотреть