Онлайн

Բրյուսովի համալսարանում յուրացումների փաստով քրգործ է հարուցվել

2017-02-07 15:55 , Образование, 7

Բրյուսովի համալսարանում յուրացումների փաստով քրգործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ում կատարված պետական միջոցների տնօրինման իրավաչափության ուսումնասիրության արդյունքներով հարուցվել է քրեական գործ:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի կենտրոնական պահեստում արձանագրվել է ընդհանուր 15 միլիոն 772 հազար 383 դրամ արժողության նյութական միջոցների պակասորդ: Բացի այդ, ՊՈԱԿ-ին պատկանող տպարանում իրականացված գույքագրման արդյունքում արձանագրվել է 17 միլիոն 876 հազար 383 դրամ արժողության նյութական միջոցների պակասորդ: Միաժամանակ, 2016-ի դեկտեմբերի 25-ին ՊՈԱԿ-ին պատկանող Ծաղկաձորի հանգստյան տանն իրականացված գույքագրմամբ արձանագրվել է 2 միլիոն 691 հազար 699 դրամ արժողության պարենային և նյութական միջոցների պակասորդ:

Նկատի ունենալով, որ հայտնաբերված ընդհանուր՝ 36 միլիոն 340 հազար 692 դրամ արժողության պարենային և նյութական միջոցների պակասորդի փաստն առերևույթ պարունակում է յուրացման կամ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու հանցագործության հատկանիշներ՝ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ [յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է խոշոր չափերով] կետով և երկու դրվագ՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական կոմիտեին:

«Ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել նաև պետական միջոցների տնօրինման այլ խնդրահարույց փաստեր, որոնք պատշաճ ստուգման կենթարկվեն հարուցված քրեական գործի շրջանակներում»,-ասված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть