Հայաստանում՝ Հաղթանակի և խաղաղության տոն, Արցախում՝ մայիսյան Եռատոն - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում՝ Հաղթանակի և խաղաղության տոն, Արցախում՝ մայիսյան Եռատոն

2017-05-09 12:05 , Общество, 1464

Հայաստանում՝ Հաղթանակի և խաղաղության տոն, Արցախում՝ մայիսյան Եռատոն

Հայաստանում այսօր նշում են Հաղթանակի և խաղաղության տոնը, Արցախում՝ մայիսյան Եռատոնը։

Հայաստանի և Արցախի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, շնորհավորական ուղերձներ են հղել մայիսյան տոների կապակցությամբ։

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է՝

« Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:

Առաջին հերթին շնորհավորում եմ մեր վետերաններին, որոնց շարքերը, ցավոք, տարեցտարի նոսրանում են: Այսօր մեզ համար գեղեցիկ առիթ է արտահայտելու մեր մեծագույն հարգանքն ու հիացմունքը նրանց հանդեպ: Նաև առիթ է արտահայտելու մեր երախտագիտությունն այն հերոսական սերնդի նկատմամբ, որն անցավ գերմարդկային փորձությունների միջով և մեր երկրի համար ապահովեց խաղաղ աշխատանքի և զարգացման հեռանկար:

Երկրորդ աշխարհամարտը ծանր քննություն էր աշխարհի բազում ժողովուրդների, այդ թվում՝ հայ ժողովրդի համար: Թե՛ մեր ռազմիկները կռվի դաշտում, թե՛ մեր աշխատավորները թիկունք դարձած Հայաստանում, թե՛ մեր հայրենակիցները սփյուռքում պատվով բռնեցին այդ քննությունը: Դա մեզ համար իրապես դարձավ Հայրենական մեծ պատերազմ: Մենք աշխատեցինք մեր ուժերի չափով, իսկ երբեմն մեր ուժերից վեր սխրանքներ գործեցինք՝ մոտեցնելով հաղթանակն ու բաղձալի խաղաղությունը:

1992 թվականի մայիսի 9-ից հետո այս տարեթիվը մեր ժողովրդի համար ձեռք է բերել կրկնակի իմաստ: Շուշիի ազատագրումով ոչ միայն Ստեփանակերտը, այլև Արցախի ողջ ժողովուրդը փրկվեց ֆիզիկական բնաջնջումից: Հայ ռազմիկների այս մեծագործությունը և դրա ամբողջական պատմական նշանակությունն այնքան ընդգրկուն են, որ դեռ շարունակելու են գնահատվել և վերլուծվել ուսումնասիրողների կողմից: Մի բան պարզ էր 1992 թվականի մայիսի 9-ին և պարզ է այսօր. մենք մեր կյանքն ու ազատությունը, մեր իրավունքներն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել և չենք զոհաբերելու:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Սա մարդատյաց քարոզչության և բռնության դեմ պայքարի ելածների և այդ պայքարում հաղթած հերոսների տոնն է: Անմահները մեր շարքերում են, և սա բոլորիս տոնն է:

Մաղթում եմ խաղաղություն և ստեղծարար աշխատանք»:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի մայիսի 9-ի շնորհավորական ուղերձում էլ ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,

Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,

Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի առթիվ, փառավոր հաղթանակներ, որոնք մեր ժողովուրդը կերտել է պատմության տարբեր քառուղիներում իր քաջ զավակների ցուցաբերած արիության, խիզախության, հայրենիքի հանդեպ անձնուրաց սիրո շնորհիվ:

Մեր լեգենդար հայրերի ու պապերի սխրանքը Հայրենական մեծ պատերազմում, նրանց ապրած կյանքը միշտ հպարտություն են պարգեւել մեզ եւ ուղենիշ հանդիսացել մեզ համար` առաջնորդելով դեպի նոր հաղթանակներ: Մենք ազատագրել ենք Շուշին` աչքի առաջ ունենալով հենց նրանց հերոսական օրինակը, որն անսասան հավատ է ներշնչել մեզ սեփական ուժերի եւ արդարության հաղթանակի հանդեպ, սովորեցրել լինել տոկուն ու հաստատակամ, մաքառող ու նպատակասլաց:

Արցախյան ազատամարտը դարձավ հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներից մեկը` լրացնելով մեր հերոսամարտերի շարքը:

Այսօր մենք հպարտ ենք կրկնակի, հպարտ ենք, որովհետեւ ունենք նաեւ արժանի հերթափոխ, անվեհեր երիտասարդների մի սերունդ, ում համար հայրենիքի սահմանների պաշտպանությունը եւ հարազատ ժողովրդի անվտանգությունը վեր են ամեն ինչից: Նրանք մեծագույն արժանապատվության զգացումով են շարունակում իրենց նախնիների գործը` պատմության մեջ թողնելով անձնվիրության նոր օրինակներ:

Փա՜ռք ու պատիվ մեր բոլոր հերոսներին:

Փա՜ռք ու պատիվ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր նահատակներին:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Այս տոնական օրը ես շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին` Մայր Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Մենք բոլորս միասին ենք կերտել մեր նվիրական Եռատոնը, միասին ենք հաղթահարել բոլոր դժվարություններն ու փորձությունները, միասին ենք հարթել մեր հաղթական ուղին: Այդպես եղել է եւ այդպես կլինի ընդմիշտ:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու ամենայն բարիք»:

Лента

Рекомендуем посмотреть