Կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և կարմիր գրքում գրանցված այլ վտանգված կենդանիների պահպանությունն ու վերահսկումն այսուհետ կիրականացվի նաև դրոններով (անօդաչու թռչող սարքերով):
Այդ, ինչպես նաև այլ տեխնիկական միջոցներ՝ հեռադիտակներ, ֆոտոխցիկներ, համակարգիչներ, ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին հանձնել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան):
«ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիների պահպանությունը ոչ միայն օրենքով սահմանված պարտականություն է, այլև արժանապատվության և պատվի հարց»,-ասել է Տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը՝ նախօրեին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի հետ համագործակցության հուշագրի ստորագրմանը:
Ինչպես հայտնում են Բնապահպանության նախարարությունից՝ WWF-Հայաստանը նաև դասընթացներ և վարժանքներ է կազմակերպելու՝ Տեսչական մարմնի աշխատակիցների կարողությունները և հմտությունները զարգացնելու նպատակով:
«ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարտավորվել է Կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի ապրելավայրեր պարբերաբար շրջայցեր իրականացնելու ընթացքում արձանագրված խախտումների մասին համապատասխան տեղեկատվությունը տրամադրել WWF-Հայաստանին»,-նշվում է նախարարության տարածած հաղորդագրությունում: