Երեխաների դեմ ուղղված սեռական հանցագործությունների թիվն աճել է. ուսումնասիրություն - RadioVan.fm

Онлайн

Երեխաների դեմ ուղղված սեռական հանցագործությունների թիվն աճել է. ուսումնասիրություն

2017-10-20 13:55 , Право, 1763

Երեխաների դեմ ուղղված սեռական հանցագործությունների թիվն աճել է. ուսումնասիրություն

ՀՀ քննչական կոմիտեն և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունը համատեղ ուսումնասիրել են 2015-2016 թվականների ընթացքում սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՔԿ վարույթում քննված քրեական գործերը:

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2015-2016 թվականների ընթացքում ՔԿ-ի վարույթում քննվել է ՀՀ քրեական օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով հարուցված 288 քրեական գործ, որից 131 քրեական գործը՝ 2015 թվականին, իսկ 157-ը՝ 2016 թվականին: Կարելի է փաստել, որ քննված քրեական գործերի թիվը 2016 թվականին, 2015 թվականի համեմատությամբ, աճել է 26-ով:

«Ընդ որում, 2016 թվականին` 2015 թվականի համեմատ, էապես ավելացել են երեխաների դեմ ուղղված սեռական հանցագործությունների թիվը (ՀՀ քր. օր. 141-րդ և 142-րդ հոդվածներով)»,-ընդգծում են ուսումնասիրության հեղինակները և հաշվի առնելով, որ տուժողների մեծամասնությունը 14-16 տարեկան երեխաներ են՝ նրանց միջավայրում հատուկ կանխարգելիչ և բացատրական դասընթացների կազմակերպումը անհրաժեշտ են համարում:

2015թ.-ին սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններով հարուցված քրեական գործերով որպես կասկածյալ/մեղադրյալ ներգրավվել է 95 անձ՝ բոլորը արական սեռի ներկայացուցիչներ, որոնցից 82-ն ազգությամբ հայ, 11-ը՝ եզդի, իսկ 2-ը՝ պարսիկ, իսկ 2016թ.-ին որպես կասկածյալ/մեղադրյալ ներգրավվել է 113 անձ՝ բոլորն արական սեռի ներկայացուցիչներ, 99-ը՝ ազգությամբ հայ, 12-ը՝ եզդի, 1-ը՝ ռուս, 1-ը՝ մոլդովացի:

Տուժողների մեծամասնությունը կանայք են (ընդհանուր տուժողների 92.7%), Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ (ընդհանուր տուժողների 99%):

2016թ.-ի գործերով տուժողների տարիքը տատանվել է 5 տարեկանից 74 տարեկանը, իսկ 2015թ.-ին` 4-ից 62: Սակայն տուժողների մեծամասնությունը 15 տարեկան էին (ընդհանուր տուժողների 30%), իսկ 14-16 տարեկան տուժող երեխաները կազմում էին ընդհանուր տուժողների գրեթե կեսը (ընդհանուր տուժողների 48%):

Ուսումնասիրության արդյունքներն ամբողջությամբ՝ հետևյալ հղմամբ:

Лента

Рекомендуем посмотреть