Կկայանա Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան - RadioVan.fm

Онлайн

Կկայանա Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան

2017-10-16 15:57 , Культура, Шоу бизнес, 1369

Կկայանա Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան

Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի բացառիկ համերգները շարունակվում են։ Փառատոնի մամլո ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 19-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան։

Ստեղծագործությունը Հայաստանում ներկայացվում է առաջին անգամ։

Հայաստանյան հանդիսատեսը կծանոթանա ծանր ռոք, ալտերնատիվ մետալ, արտ ռոք, ֆոլկ ռոք և այլ ժանրերում հանդես եկող Սերժ Թանկյանի սիմֆոնիկ գործին։ Ինքը` Թանկյանը, նշում է, թե իր համար պատիվ է, որ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարում է իր հեղինակած սիմֆոնիան:

«Orca Symphony No 1»-ն ձայնագրվել է 2012 թվականի հոկտեմբերին Ավստրիայի Լինց քաղաքում: Պաշտոնապես ալբոմի տեսքով թողարկվել է 2013թ. հունիսի 25-ին: Երաժիշտն ասում է, որ գրել է «Օրկան» մարդասիրության մասին խոսելու նպատակով, օրկային՝ խոյադելֆինին, համեմատելով մարդկանց հետ: Ստեղծագործության չորս բաժինները ներկայացնում են խոյադելֆինի կյանքի ճանապարհը:

Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Лента

Рекомендуем посмотреть