«Կոնվերսբանկ»-ի ավազակային հարձակումը բացահայտվել է - RadioVan.fm

Онлайн

«Կոնվերսբանկ»-ի ավազակային հարձակումը բացահայտվել է

2017-10-16 13:30 , Право, 2012

«Կոնվերսբանկ»-ի ավազակային հարձակումը բացահայտվել է

Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել է «Կոնվերսբանկ»-ի «Սայաթ-Նովա» մասնաճյուղի վրա հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած ավազակային հարձակումը: Հոկտեմբերի 9-ին անհայտ անձը, գրությամբ սպառնալով «Կոնվերսբանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչին, հափշտակել էր 200 հազար դոլարին համարժեք գումար ու դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակում ձերբակալվել են Երևանի բնակիչներ, 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987 թ. ծնված Արսեն Գրիգորյանը և 1983 թ. ծնված Մարատ Գալստյանը:

Աշտարակի բնակիչ, 1988 թ. ծնված Պյոտր Ցիգանկովը ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով որոնվում է:

Դավիթ Գրիգորյանը բերման է ենթարկվել դեպքից հինգ օր անց, մայրաքաղաքի Չեխովի փողոցից:

Արսեն Գրիգորյանն ու Մարատ Գալստյանը բերման են ենթարկվել հաջորդ օրը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից:

«Հոկտեմբերի 15-ին Մարատ Գալստյանի տանը և օժանդակ շինություններում խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով «ՏՕԶ» տիպի հրացան և «ԱԿ» ինքնաձիգի նմանվող, առանց գործարանային համարի հրազեն:

Քննվող գործի շրջանակներում դարձյալ հոկտեմբերի 15-ին խուզարկվեցին նաև Երևանի բնակիչ, 1979 թ. ծնված Աշոտ Մանուկյանի բնակարանն ու օժանդակ շինությունները: Հայտնաբերվել է կանեփանման զանգված, «ԱԿ» տիպի ինքնաձիգ՝ երկու լիցքավորված պահունակներով, «Ֆորտունա» գրառումով ատրճանակ՝ լիցքավորված պահունակով, տարբեր տրամաչափի հիսուն փամփուշտ, էլեկտրահարող սարք, ինքնաձիգի խլացուցիչ, ավտոմեքենայի պետհամարանիշեր, որոնք, ինչպես պարզվել է, սեպտեմբերի 29-ին գողացվել էին Մաշտոցի վարչական տարածքից:

Աշոտ Մանուկյանը ևս ձերբակալվեց»,-հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքնության:

Ձեռնարկվում են միջոցառումներ Պյոտր Ցիգանկովին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:Նախաքննությունը շարունակվում է:

Պյոտր Ցիգանկովի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Տեղեկատվություն տրամադրողի գաղտնիությունը երաշխավորվում է:

Лента

Рекомендуем посмотреть