Сейчас в эфире:

Загружаю плеер ...
40%

«Հաց բերողի» հոգեհանգիստը վաղը՝ 18.00-ին

20 Mar 2017

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբը ազատամարտիկի հուղարկավորության օրվա, ժամի և վայրի վերաբերյալ որոշում է կայացրել: Հանձնախմբի տարածած հայտարարությունում մասնավորապես ասված է.

«Հայաստանի ներկա վարչախումբը շարունակելով իր քինախնդիր և անբարո վերաբերմունքը Արթուր Սարգսյանի նկատմամբ, մերժել է նրա հուղարկավորությունը Եռաբլուր պանթեոնում: Չնայած, ըստ կարգի կատարված ՀՀ Պաշտպանության նախարարին ուղղված դիմումի պաշտոնական պատասխան չի ստացվել, այնուհանդերձ, սույն թվականի մարտի 18-ին Վիգեն Սարգսյանի այդ կապակցությամբ կատարած հայտարարությունը դրա վկայությունն է: Ազատամարտիկների պանթեոն Եռաբլուրը հայ ժողովրդի սեփականությունն է և ոչ այս վարչախմբի: Արթուր Սարգսյանը անկասկած ոչ ուշ ապագայում իր տեղը ունենալու է հերոսների պանթեոնում, իր ընկերների կողքին: «Հաց Բերող»-ի հոգնատանջ մարմնի վերջին հանգիստը չուշացնելու նպատակով Հանձնախումբը հայտարարում է, որ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը՝ 18.00-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում: Հասցեն՝ Լուկաշին 152: Իսկ հուղարկավորությունը տեղի կունենա չորեքշաբթի, մարտի 22-ին, ժամը 14.00-ին՝ նույն սրահից:

Հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ»:

Հիշեցնենք՝  նկատի ունենալով այն, որ Արթուր Սարգսյանը ողջ հայության խղճի մարմնավորողն է՝ օրեր առաջ ձևավորվեց Հաց Բերողի հուղարկավորության քաղաքացիական հանձնախում՝ հետևյալ կազմով.

 

  1. Արսեն Սարգսյան – Արթուր Սարգսյանի եղբայր և իրավահաջորդ
  2. Հասմիկ Պապյան – Օպերային երգչուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ
  3. Եղիշե Պետրոսյան – Հաց Բերողին նվիրված երգի հեղինակ և կատարող
  4. Խաչիկ Մանուկյան – Արմեն Մովսիսյանի Հաց Բերողին նվիրված երգի խոսքերի հեղինակ
  5. Անահիտ Թարխանյան – Անդրեաս Ղուկասյանի կինը, ճարտարապետ
  6. Նանոր Բարսեղյան Սեֆիլյան – Ժիրայր Սեֆիլյանի կինը
  7. Լուսինե Գալստյան – Վարուժան Ավետիսյանի կինը, բժշկուհի
  8. Արմենակ Կյուրեղյան – Կյուրեղյան եղբայրների հայրը
  9. Շահեն Հարությունյան – Շանթ Հարությունյանի որդին, «Ազատություն Հաց Բերողին» երիտասարդական շարժման ներկայացուցիչ
  10. Ասպրամ Մանուկյան – Պավլիկ Մանուկյանի դուստրը, «Ազատություն Հաց Բերողին» երիտասարդական շարժման ներկայացուցիչ
  11. Ալեք Ենիգոմշյան – «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ, լրագրող, քաղաքական գործիչ, «Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպության տնօրեն, Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի նախկին անդամ
  12. Թամար Հովյաննիսյան դերասանուհի, հանրային գործիչ