Сейчас в эфире:

Загружаю плеер ...
40%

Ծաղիկներ՝ վարորդական վկայականի պահանջի փոխարեն. տեսանյութ

08 Mar 2017

Այսօր՝ Մարտի 8-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ուրույն կերպով են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները. կանգնեցնելով կին վարորդների մեքենաները՝ փաստաթուղթ պահաջելու փոխարեն՝  նրանց նվիրել են ծաղիկներ։

Դիտեք ոստիկանության տեսանյութը.

Կանանց տոնի առթիվ շնորհավորական ուղերձով է հանդես եկել  ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:

Ուղերձում մասնավորապես ասված է.

Սիրելի կանա՛յք:

Ոստիկանության համակարգի անունից շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ:

Շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք տան ու երեխաների պահապան հրեշտակներ լինելուց զատ, որպես անդավաճան զինակիցներ մեզ հետ հավասար և արժանապատվորեն կրում են ոստիկանի պատվավոր կոչումը, անմնացորդ իրագործում մեր մարդակենտրոն ու մարդասեր առաքելությունը՝ պրոֆեսիոնալիզմով ու պատասխանատվությամբ բնավ չզիջելով տղամարդկանց:

Շնորհավորում ու շնորհակալ եմ մեր վետերան կանանց, որոնք մասնագիտական փառավոր ուղի անցնելով՝ այսօր էլ շարքում են, մեզ փոխանցելով իրենց հարուստ փորձը, աներեր հավատն ու հավատարմությունը ողջ կյանքի համար ընտրված գործին:

Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դստրիկներին, որ ամուր թիկունք են կյանքը օրենքի ու ժողովրդի ծառայությանը տված իրենց հարազատներին:

Շնորհավորում եմ բոլոր կանանց:

Թող խաղաղ լինի ձեր երկինքը, տունը՝ շեն ու ապահով, այրերն ու զավակները՝ սիրող ու երախտագետ: