Сейчас в эфире:

Загружаю плеер ...
40%

Խոշոր խախտում` վառելիքի ներմուծման և իրացման շղթայում

20 Mar 2017

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ ԱՐԱԳԳ ընկերությունը, շրջանցելով օրենքը, փորձել է տարեսկզբից ներկրած վառարանային վառելիքն իրացնել իբրև կերոսին ու դիզելային վառելիք:

Վառելիքի մի մասը վաճառվել է Գորիսում վառելանյութի մանրածախ առևտրով զբաղվող երկու անհատ ձեռնարկատիրոջ, ովքեր էլ, ինչպես պարզվել է ՊԵԿ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, իրացրել են վառելանյութի մի մասը՝ դիզելային վառելիքի հետ խառնելով: «Ներկրողը նաև հաշիվ-ապրանքագիր է դուրս գրել մեկ ընկերության անունով, սակայն հարկային օրենսդրությունը խախտելով՝ փաստացի մատակարարել է մեկ ուրիշին: Տնտեսվարողը նոր խմբաքանակներ է ներկրել Իրանից։ Լաբորատոր փորձաքննությունը, սակայն, ցույց է տվել, որ ներկրված վառելիքը չի համապատասխանում մեր երկրում սահմանված ինչպես նախկին, այնպես էլ վերջերս փոխված չափանիշերին, ուստի մաքսային մարմինը չի թույլատրել ապրանքի ձևակերպումը»,-ասված է հաղորդագրությունում:

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները նախկինում ներմուծված և մի քանի ընկերությունների վաճառված ենթադրյալ կերոսինից ու դիզելային վառելիքից փորձանմուշներ են վերցրել և ուղարկել փորձաքննության: Ստացված եզրակացությունների համաձայն` ներմուծված ենթադրյալ կերոսինն իրականում հանդիսանում է վառարանային վառելիք, իսկ ենթադրյալ կերոսինի և դիզելային վառելիքի խառնուրդը` վառարանային վառելիքի ու դիզելային վառելիքի խառնուրդ:

Ըստ ՊԵԿ տարածած հաղորդագրության՝ ԱՐԱԳԳ ընկերությունը վառելիքի մի մասը տեղափոխել է Արմեն Մուրադյանին պատկանող ջերմոց: «Հատկանշական է, որ ջերմոցում տեղադրված երկու վառարանները նախատեսված չեն կերոսինի այրման համար»,-նկատել է կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժնի պետ Վահրամ Ադամյանը:

«Մարտ ամսին ընկերության ներկրած վառարանային վառելիքի ողջ խմբաքանակից վաճառվել է ընդամենը 285 լիտր, ինչը վկայում է Հայաստանում այդ ապրանքատեսակի պահանջարկի գրեթե բացակայության մասին»,-նշել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Գարեգին Առաքելյանը:

ԱՐԱԳԳ ընկերության՝ վերջին ամիսների գործունեության մասին տվյալները հիմնավորում են, թե ինչու է ներկրողը ՊԵԿ-ի տեսադաշտում հայտնվել: Սակայն, անտեսելով ակնհայտ խախտումները՝ գործարարը խնդրի հետ կապված դիմել էր նաև ԱԺ պատգամավորներից մեկին: «Ներկրողի և նրա գործընկերների մոտ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները հիմք են տալիս պնդելու, որ տնտեսվարողները թույլ են տվել մի խումբ իրավախախտումներ, այդ թվում՝ անապրանք գործարքներ իրականացնելու և սպառողներին մոլորության մեջ գցելու հատկանիշներով», — ընդգծել է Առաքելյանը:

Խոշոր չափերով սպառողներին խաբելու դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության բաժնում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել Գլխավոր դատախազություն՝ ենթակայության հարցը որոշելու համար: